Логотип

Իրանն անհապաղ դադարեցնում է ԱՄՆ-ի հետ բանակցությունները և փակում է Հորմուզի նեղուցը

Իրանը, ի նշան բողոքի, ամբողջությամբ դադարեցնում է ԱՄՆ–ի հետ միջնորդավորված նամակագրությունն ու հաղորդագրությունների փոխանակումը։ Այս մասին հայտնում է իրանական «Tasnim» գործակալությունը` հավելելով, որ ԻԻՀ իշխանությունների այս որոշման պատճառը Լիբանանում և Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացվող ռազմական գործողությունների ակտիվացումն է ու ձեռք բերված հրադադարի խախտումը։

Ըստ գործակալության` քանի որ Լիբանանի իրավիճակի հանդարտեցումը եղել է հրադադարի հիմնական նախապայմաններից մեկը, իսկ այժմ այդ պայմանը խախտված է բոլոր ուղղություններով, իրանական կողմը չեղարկում է միջնորդների միջոցով ընթացող ցանկացած շփում։

«Իրանի պաշտոնյաներն ու բանակցողները շեշտել են Գազայում և Լիբանանում սիոնիստական ռեժիմի բանակի ագրեսիվ և դաժան գործողությունների անհապաղ դադարեցման, ինչպես նաև Լիբանանի օկուպացված տարածքներից ռեժիմի լիակատար դուրսբերման անհրաժեշտությունը։ Քանի դեռ Իրանի և դիմադրության պահանջներն այս հարցում չեն կատարվել, որևէ բանակցություն չի իրականացվի»,– նշում է լրատվամիջոցը։

Ըստ «Tasnim»–ի` այս ամենից զատ, Իրանի զինված ուժերն ու տարածաշրջանում նրանց դաշնակիցները պատրաստվում են անցնել ավելի կոշտ քայլերի` Իսրայելին և նրա թիկունքին կանգնած արևմտյան երկրներին հարվածել տնտեսապես ու ռազմավարական կարևոր կետերում։

«Դիմադրության ճակատը և Իրանը վճռական են լիովին փակելու Հորմուզի նեղուցը և ակտիվացնելու այլ ճակատներ, այդ թվում՝ Բաբ էլ-Մանդեբի նեղուցը՝ սիոնիստներին և նրանց աջակիցներին պատժելու նպատակով, և դա ներառել են իրենց գործողությունների օրակարգում»,– ասված է հոդվածում։

Sputnik Արմենիա