Логотип

Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով

Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում կարևոր քայլ է կատարվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից՝ նշելով, որ Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը ՀՀ կառավարության որոշմամբ համալրվել է նոր տարրերով՝ ընդգծելով ազգային մշակույթի բազմազանությունն ու կենսունակությունը։

Ներկա որոշմամբ՝ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է 12 նոր արժեքով՝ ընդհանուր թիվը հասցնելով 80-ի։

Նոր ընդգրկված տարրերն են.

– «Լուսատուների հետ կապված եղանակի կանխատեսման ժողովրդական գիտելիքներ»

– «Օրորոցային երգերը ՀՀ Շիրակի մարզի համայնքներում»

– «Գաթանախշի պատրաստման և կիրառման ավանդույթը»

– «Խաբ ու խազ (կաթփոխ)»

– «Թմբուկի (դհոլ, գոս՝ մեծ թմբուկ) պատրաստման և կիրառման ավանդույթը»

– «Որսորդներ ու բադեր» գնդակախաղ

– «Թաք ծաղկեցավ» երգ

– «Համայնքային փոխօգնության ձևերը Գավառի թաղման ծեսում»

– «Կանեփով քուֆթայի պատրաստումը և կիրառումը Մարտունի համայնքում»

– «Ձկով տոլմայի պատրաստումը Սևան համայնքում»

– «Չորթնե տոլմայի պատրաստումը Վարդենիսի համայնքներում»

– «Չիլինկի փետ» ավանդական խաղը Ճամբարակ համայնքում

Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված արժեքները հայ ժողովրդի մշակութային ինքնատիպության, պատմական հիշողության և ազգային ինքնության կարևոր արտահայտություններն են։ Դրանց պահպանումը, փոխանցումն ու հանրահռչակումը կարևոր դեր ունեն սերունդների միջև մշակութային շարունակականության ապահովման և միջազգային մշակութային հարթակներում Հայաստանի ճանաչելիության բարձրացման գործում։

Այս գործընթացի իրականացման հիմք է հանդիսանում «Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային արժեքների ցանկերի կազմման չափորոշիչները և ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը հասատատելու մասին» ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 11-ի N 310-Ա որոշումը։ Նախաձեռնությունը բխում է ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 9-ի N 1951-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023–2027 թվականների ռազմավարությունից, որի շրջանակում իրականացվում է Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության համակարգված գույքագրում։