Логотип

ԻՆՉՈ՞Ւ Է ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՀՀ-ՈՒՄ ԹԻՐԱԽԱՎՈՐԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՆ. ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ` ԱՀԾ ԶԵԿՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ

Արևմուտքը ցանկանում է ստվեր գցել ռուսական եկեղեցու վրա և ներկայացնել` իբր ռուսական եկեղեցու սպասավորը խառնվում է Հայաստանի ներքին գործերին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով ՌԴ ԱՀԾ–ի այսօրվա զեկույցին։

Ինչպես հայտնել ենք, ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունն (ԱՀԾ) հունիսի 3–ին հայտարարել է, որ ԵՄ–ն փորձում է թուլացնել Հայաստանում Ռուս ուղղափառ եկեղեցու դիրքերը։ Ըստ հաղորդագրության` եվրոպական կառույցները Ռուս ուղղափառ եկեղեցու Երևանի և Հայաստանի թեմի ներկայացուցիչների դեմ կոմպրոմատներ են պատրաստում՝ ՀՀ իշխանություններին դրդելու լայնածավալ հալածանքներ սկսել թեմի նկատմամբ։ ՌԴ ԱՀԾ–ն իր հայտարարության մեջ նաև նշել էր, որ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ոչ պետական կազմակերպությունները Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի Միքայել Հրեշտակապետի մատուռի հոգևոր հովիվ տեր Տիմոֆեյ քահանային մեղադրել են Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին միջամտելու մեջ։

«Արևմուտքը ցանկանում է ստվեր գցել նաև ռուսական եկեղեցու վրա և ներկայացնել` իբր ռուսական եկեղեցու սպասավորը խառնվում է Հայաստանի ներքին գործերին, քարոզչությանը: Այն դեպքում, երբ որ նույն Արևմուտքի ներկայացուցիչները ամենաբարձր մակարդակով բացահայտ խառնվում են ընտրական քարոզչությանը, բացահայտ աջակցում են թեկնածուներից մեկին (տվյալ դեպքում` գործող վարչապետին), և դրանով իսկ ապացուցում են, որ նրանք ոչ թե ժողովրդավարության ու հայ ժողովրդի ազատ կամքի արտահայտման կողմնակից են, այլ այստեղ կռվում են ռուսական ազդեցության դեմ»,– ասում է Շարմազանովը։

Էդուարդ Շարմազանովը հիշեցնում է, որ Հայ առաքելական եկեղեցու բարձաստիճան հոգևորականների նկատմամբ ճնշումներն էլ հիմնականում իրականացվում են այն սրբազանների նկատմամբ, ովքեր հայ-ռուսական բարեկամության ջատագովներ են։

Քաղաքական գործչի համոզմամբ` վեհափառ հայրապետի դեմ արշավի պատճառներից մեկն էլ հենց Հայ առաքելական եկեղեցու փայլուն հարաբերություններն են Ռուս ուղղափառ եկեղեցու հետ: Ուստի մեր զրուցակիցը չի բացառում, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելու դեպքում ՔՊ–ն` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, անցնելու է վեհափառին հեռացնելու գործընթացին:

«Ես շատ եմ ասել, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած, այսպես կոչված, «թավշյա հեղափոխությունը» ունեցել է գլխավոր նպատակ՝ փոխելու Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը: Եվ դրա մասին ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով այն ժամանակվա խորհրդական Ջոն Բոլթոնը, որը պարզ նշել է, որ հայ ժողովուրդն ու Հայաստանը պետք է հրաժարվեն իրենց պատմական կաղապարներից: Իսկ այդ պատմական կաղապարները ոչ միայն հայկական Արցախն է, ոչ միայն Ցեղասպանության միջազգային ճանաչումն է, ոչ միայն եկեղեցու տրադիցիոն բացառիկ դերն է, այլ նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն են»,– շեշտում է Շարմազանովը։

20-ամյա փորձով քաղաքական գործիչը չի հիշում մի դեպք, երբ որևէ պետության ներկայացուցիչ բացահայտ աջակցություն հայտնի այլ երկրի որևէ թեկնածուի կամ կուսակցության։ Նրա համոզմամբ` դա առանց ակնկալիքի չէ, իսկ ակնկալիքը բացահայտ ասել է Ֆրանսիայի նախագահը դեռ տարիներ առաջ. Հայաստանը պիտի լինի հակառուսական պլացդարմ: Իսկ Ռուս ուղղափառ եկեղեցին, Շարմազանովի բնորոշմամբ, հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների մի օղակն է:

Էդուարդ Շարմազանովը վստահ է, որ Եվրոպական միությունը ո՛չ մտածում է, ո՛չ ակնկալում է, ո՛չ էլ հրավիրում է Հայաստանին լինել ԵՄ–ում: ԵՄ պաշտոնյաները և ԵՄ երկրների մի մասը բացահայտ հայտարարում են, որ իրենց նպատակն է Հարավային Կովկասում և մասնավորապես Հայաստանում ի չիք դարձնել ռուսական ազդեցությունը։

ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։

Sputnik Արմենիա