«Մեր ժողովրդին խաղաղություն էին խոստանում, բայց բերեցին երեք պատերազմ, և բոլոր երեքում էլ պարտվեցին. խոստանում էին տարածքային ամբողջականություն, բայց կորցրեցին մեր հողերը»։ Հունիսի 3-ին Հանրապետության հրապարակում անցկացված նախընտրական հանրահավաքի ժամանակ ընտրողներին ուղղված տեսաուղերձում հայտարարել է տնային կալանքի տակ գտնվող «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը:
Նա ընդգծել է, որ քաղաքացիներին խոստացել էին նաև արժանապատվություն, սակայն այսօր հայերը հայտնվել են ծանրագույն իրավիճակում և կորցնում են իրենց ինքնությունը։ Կարապետյանի խոսքով՝ սպասվում են լայնածավալ փոփոխություններ, որոնք յուրաքանչյուր քաղաքացի կզգա իր կյանքում արդեն հունիսի 7-ից հետո, երբ կսկսվի յուրաքանչյուր հայ ձեռնարկատիրոջ ու քաղաքացու համար արժանապատիվ կյանքի, այլ ոչ թե պարզապես գոյատևման պայքարի դարաշրջանը։
Սամվել Կարապետյանը նշել է, որ առաջիկա ընտրությունները կդառնան վերջին տասնամյակների ամենակարևոր որոշումներից մեկը, երբ յուրաքանչյուր երիտասարդ, մայրերն ու տարեցները հնարավորություն կունենան որոշելու գալիք սերունդների ապագան։ Նա հայերին կոչ է արել պարտադիր ներկայանալ ընտրական տեղամասեր, որպեսզի ոչ ոք իրենց փոխարեն չորոշի իրենց ճակատագիրը՝ վստահություն հայտնելով, որ պատմությունը հունիսի 7-ը կհիշի որպես մի օր, երբ ժողովուրդն ընտրություն կատարեց հօգուտ ուժեղ ու ազատ Հայաստանի և 300 հազար նոր աշխատատեղերի ստեղծման։ Հարցեր ուղղելով քաղաքացիներին՝ Կարապետյանը հետաքրքրվել է, թե արդյոք նրանք պատրաստ են աջակցել Իլհամ Ալիևի շահերը սպասարկող իշխանությանը և ընդունել տարիների նվաստացումներն ու ձախողումները, ինչին ստացել է ազատ Հայաստանն ընտրած հանրահավաքի մասնակիցների միահամուռ արձագանքը։
«Հայ ժողովուրդը հաղթահարել է իր վախերը, իսկ Ալիևն ու նրա դրածոն պարզապես չեն կարող երաշխավոր լինել Հայաստանի խաղաղության համար»,- հայտարարել է Սամվել Կարապետյանը։
Նա կոչ է արել յուրաքանչյուրին դառնալ գալիք փոփոխությունների մասնիկը, քանի որ խաղասեղանին դրված է պետության բուն գոյությունը, և ընդգծել է, որ Փաշինյանին կուղարկեն Ադրբեջան. «Թող գնա Նախիջևան, իսկ հետո՝ Բաքու»։ Կարապետյանի խոսքով՝ հունիսի 7-ից հետո հսկայական աշխատանք է սպասվում, որտեղ կարևորագույն առաջնահերթություն է դառնալու պառակտման հաղթահարումը, իշխանությունների սերմանած վախի արմատախիլ անելը, ինչպես նաև եկեղեցու, ազգի և ազգային արժեքների ամրապնդումը։ Կուսակցության առաջնորդն ամփոփել է, որ միայն միասնության մեջ երկիրը կստանա երկարատև ու ուժեղ խաղաղություն, որը կբացառի հայկական հողում 300 հազար ադրբեջանցիների հայտնվելը։
News.am
