Логотип

Փաստաբան․ Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է

Փաստաբան Ռոման Երիցյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ արցախցի Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է։

«Հիշեցնում եմ, որ այսօր Օսիպյանի հայտարարած հացադուլի 16-րդ օրն է։ Անկախ իմ և այլ պաշտպանների հորդորներից՝ Օսիպյանը հացադուլից դուրս գալ չի պատրաստվում, քանի դեռ հրապարակային ներողություն չի ստացել Նիկոլ Փաշինյանից»,-գրել է փաստաբանը՝ կից հրապարակելով Արթուր Օսիպյանի ուղերձը քրեակատարողական հիմնարկից։

Հիշեցնենք, որ քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը ձերբակալվել էր մայիսի 18–ին, Երևանում նախընտրական քարոզարշավի ժամանակ Փաշինյանի հետ ունեցած լեզվակռվից հետո։ Քննությունը կարծում է, որ Օսիպյանը սոցիալական ցանցերով նյութեր է հրապարակել, որոնք Փաշինյանի հասցեին բռնության կոչեր են պարունակել, ինչպես նաև փորձել է խոչընդոտել նրա քարոզարշավին։ Քրեական գործեր են հարուցվել մի քանի հոդվածներով, այդ թվում՝ խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու փաստերով։

Օսիպյանը հացադուլ է հայտարարել և պատրաստ է դադարեցնել այն, եթե Փաշինյանը ներողություն խնդրի՝ իրեն «փախած» անվանելու ու արժանապատվությունը վիրավորելու համար:

Նշենք, որ այդ միջադեպի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կշտամբել էր, թե ինչու չի զոհվել պատերազմում. «Թալանչի, անասուններ…Դու խի ես կենդանի, այ տականք»,- բղավել էր վարչապետը:

Հայաստանյան 16 ՀԿ–ներ դիմել են միջազգային կառույցներին՝

Դիմել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններին և դիվանագիտական առաքելություններին, կոչ արել դիմել Հայաստանի կառավարությանը՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Արթուր Օսիպյանին և լիարժեք երաշխավորել նրա հիմնարար իրավունքներն ու ազատությունները:

News.am