Մենք կստորագրենք խաղաղության պայմանագիրը, բայց Հայաստանը բանակցությունները չի սկսի զրոյական կետից, ինչպես անում էր Փաշինյանը, որի որդեգրած ձևաչափերը երկիրը հասցրին պատերազմների։ Այս մասին Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը՝ մեկնաբանելով դաշինքի արտաքին քաղաքական հայեցակարգն ու պատասխանելով Երևանի գործընկերների հուսալիության մասին հարցերին։
Նրա խոսքով՝ դաշինքի պաշտոնական մոտեցումն ամբողջությամբ բացառում է Բաքվի կամ Անկարայի հանդեպ կույր վստահությունը. «Մենք չենք հավատում թուրքերին, չենք հավատում ադրբեջանցիներին. սա մեր պաշտոնական մոտեցումն է։ Մեզ երաշխավորներ են պետք, պետք է մեկը, ով իր խոսքը կասի»։ Բացահայտելով կոլեկտիվ երաշխիքների համակարգի վերաբերյալ թեզը՝ Կարապետյանն ընդգծել է, որ Երևանը պարտավոր է պահանջել միանգամից մի քանի հեղինակավոր միջազգային ուժերի ներգրավում, քանի որ յուրաքանչյուր խաղացող ունի իր պրագմատիկ շահը։ Որպես առանցքային գործընկերներից մեկի՝ նա առանձնացրել է Իրանի Իսլամական Հանրապետությունը. «Այդ պետությունը պաշտոնապես հայտարարել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն իր համար կարմիր գիծ է։ Գիտե՞ք ինչու։ Որովհետև Հայաստանն Իրանի համար միակ ցամաքային ճանապարհն է դեպի Եվրոպա՝ գազ և այլ հումք վաճառելու համար, և մենք կենսական նշանակություն ունենք այդ երկրի համար»։ Պատգամավորության թեկնածուն մատնանշել է նաև Եվրոպական միության և ԱՄՆ-ի կարևոր դերը, որոնք, նրա խոսքով, ակնհայտ շահագրգռվածություն ունեն Հայաստանի սահմանների կայունությամբ։
Նարեկ Կարապետյանն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել Ռուսաստանի Դաշնության դերի վրա՝ նշելով, որ Մոսկվան հետապնդում է սեփական աշխարհաքաղաքական նպատակները, որոնք տվյալ դեպքում համընկնում են Երևանի շահերի հետ. «Ռուսական պետության համար ձեռնտու է, որ թյուրքական աշխարհի երկրների միջև լինի պետություն, ուժեղ պետություն, որպեսզի թյուրքական աշխարհը չմիավորվի։ Սա փաստ է։ Մեր շահերից է բխում ունենալ խաղաղ, անվտանգ, երաշխավորված երկիր։ Ռուսաստանն ուզում է օգտագործել դա, որպեսզի թյուրքական պետությունները չմիավորվեն, և դա համընկնում է մեր շահերի հետ։ Իսկ եթե միավորվեն, մեր տարածքո՞վ են միավորվելու։ Ես ասում եմ՝ թող չմիավորվեն»։ Նարեկ Կարապետյանի կարծիքով՝ Սյունիքը պետք է փակ մնա նրանց աշխարհաքաղաքական հավակնությունների համար. «Սյունիքի դարպասները փակ են լինելու։ Թող գան անձնագրերով, անցնեն հայ սահմանապահի կողքով, նայեն հայկական դրոշին ու հանգիստ գնան։ Եվ հայկական հողի վրա 10 օրից ավելի չմնան»։
News.am
