Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Այս մասին հավաստիացրել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա պատրաստ ենք աջակցել Բաքվին ու Երևանին տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման և հումանիտար խնդիրների լուծման հարցերում, ինչպես նաև նախապատրաստել ու ռուսական հարթակ տրամադրել՝ խաղաղության պայմանագրի ստորագրման համար»,- Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ ունեցած իր ելույթում ասել է ռուս բարձրաստիճան դիվանագետը։
Գալուզինն ընդգծել է, որ Ռուսաստանը մշտապես աջակցում է հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորմանը՝ հիմնվելով 2020-2022 թվականներին երեք պետությունների ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությունների վրա։
«Մենք զգալի ներուժ ենք տեսնում «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակում, որը միավորում է Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը, Հայաստանն ու Վրաստանը, այսինքն՝ Հարավային Կովկասի երկրներն ու նրանց պատմական հարևաններին»,- հայտարարել է Գալուզինը։
Նա հստակեցրել է, որ այս մեխանիզմի նպատակն է հարթել տեղական խնդիրները հենց հարավկովկասյան երկրների ու նրանց հարևանների ջանքերով՝ զերծ մնալով արտաքին կործանարար միջամտությունից։
News.am
