Логотип

Ալեքսան Ալեքսանյանի «գործով» հանրային քրեական հետապնդում է հարուցվել 37 անձի նկատմամբ

«Ուժեղ Հայաստանի» աջակից Ալեքսան Ալեքսանյանի «գործով» հանրային քրեական հետապնդում է հարուցվել 37 անձի նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Նախաքննական մարմինը պնդում է, որ հիշյալ անձինք օժանդակել են Ալեքսանյանին 2025-2026թթ․ հավաքներին մասնակցելու նպատակով բազմաթիվ քաղաքացիներին նյութապես շահագրգռելուն, ինչպես նաև Ալեքսանյանի հետ նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելուն:

25 անձ ձերբակալված է, որոնց կալանավորելու միջնորդություններ են ներկայացվում դատարան։ ՔԿ-ից հայտնում են, որ մյուս մեղադրյալների վերաբերյալ կայացվել են ձերբակալման որոշումներ:

«Նախաքննության փուլում կատարված 50-ից ավելի խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ անձանց գումարներ բաժանելու, արտերկրում բնակվող՝ ՀՀ քաղաքացիություն և ընտրելու իրավունք ունեցող անձանց կոնտակտային տվյալների վերաբերյալ ցուցակներ, քաղաքացիների հավաքագրումների, կոնկրետ անձանց՝ կատարված «բարեգործությունների» վերաբերյալ հաշվետվություն տալու մասին փաստաթղթեր»,– ասված է հաղորդագրությունում:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք` Ալեքսան Ալեքսանյանը ձերբակալվել է հունիսի 2-ին` հավաքին մասնակցելու համար մարդկանց նյութապես շահագրգռելու և փողերի լվացման մեղադրանքներով։

Sputnik Արմենիա