Логотип

ՎԵՐՋԻՆ ՍԱՀՄԱՆԱԳԾԻՆ

Մենք ականատես ենք Հայաստանի նորագույն պատմության մեջ ամենախայտառակ ընտրություններին։ Այդ ընտրություններն անցկացնում է իրեն «ժողովրդավարության բաստիոն» հորջորջած իշխանությունը։ Անկարայի և Բաքվի լիակատար աջակցությունը վայելող իշխանությունը։ Նույնիսկ Էրդողանն անձամբ իջավ իր գահից՝ Փաշինյանին աջակցելու համար։

Ազատ կամարտահայտության մասին խոսք անգամ չկա։ Ընդդիմության հարյուրավոր կողմնակիցներ ձերբակալված են, կալանավորված, ենթարկված քրեական հետապնդման։ Ընդդիմադիր շարժումների տասնյակ առաջնորդներ բանտում են կամ ընտրողների հետ շփվելու սահմանափակ հնարավորություններ ունեն։

«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ» ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՍՏ ՆԻԿՈԼԻ ՈՒ «ԵՎՐՈՊԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ» մշտական ամենօրյա խուզարկություններն են ընդդիմության ընտրական շտաբներում։ Դա ընդդիմադիրների հեռախոսային խոսակցությունների ամենօրյա տոտալ գաղտնալսումն է, ընդդիմության ընտրական շտաբների մշտական, շուրջօրյա գաղտնահսկումը։ Դա ոչ լոյալ մարդկանց հեռացումն է աշխատանքից, չենք խոսում արդեն նրանց մասին, ովքեր հանդգնել են անհարմար հարցեր տալ վարչապետին։ Ընդդիմադիրների նկատմամբ հաշվեհարդարի մշտական սպառնալիքները երկրի բարձրագույն ղեկավարության կողմից։ Ատելության բորբոքումը արցախցիների նկատմամբ.

Փաշինյանի սնուցած ու ոգևորած խուժադուժը Մասիսում ու Արթիկում հարձակվում է ընդդիմախոսների վրա։ Նիկոլի պաստառը պոկելու համար ոստիկանության ձերբակալած մարդն ինքնասպան է լինում։ Եվ ոչ մի ձերբակալված չկա ընդդիմության պաստառները մշտապես ու ամեն օր փչացնելու համար։

Նիկոլի քմայքները հավատարմորեն կատարում են ՆԳՆ-ը, Քննչական կոմիտեն, հակակոռուպցիոն կոմիտեն, դատախազությունը, ԱԱԾ-ն, ԱՀԾ-ն… Դատելով ամենից, նրանց միջև մրցակցություն է ընթանում, թե ով ավելի նվիրված ու անձնուրաց կկատարի Փաշինյանի հրահանգները։

Գործում են «մարդը լինի՝ հոդվածը կգտնվի» սկզբունքով։ Ամենատարածված մեղադրանքը ընտրակաշառք տալը կամ ստանալն է։ Դե, ինչպես նախկինում էր արվում. երբ անհրաժեշտ էր շտապ ինչ-որ մեկին նստեցնել, գրպանը թմրանյութ էին գցում: Հիմա մեղադրում են ընտրակաշառք տալու կամ ստանալու մեջ։ Ինչ-որ մեկը ինչ-որ մեկին հեռախոսով ինչ-որ բան է ասում կամ խոստանում՝ վե՛րջ, ընտրակաշառք է, երկուսին էլ բռնեք։

Իշխանությունը պահպանելու համար իշխող թիմը գիտակցաբար տանում է երկիրը նոր փորձությունների ճանապարհով։ Ընդ որում լպիրշ ժպտալով հայտարարում են, թե այո, նախկինում «մի քիչ սխալվել են», բայց հիմա ճիշտ ուղեգծով են շարժվում…

Մշտական ստախոսություն։ Վերցնենք հենց թեկուզ եթերում ԱԺ խոսնակի այն հայտարարությունները, թե Վազգեն Սարգսյանը սպանվել է, որովհետև դեմ էր Մեղրին հանձնելուն, իսկ Լուկաշենկոն Ալիևի հետ միասին հարձակում էր ծրագրել Արցախի վրա… Թե՛ մեկը, թե՛ մյուսը սուտ են, խոսնակը գիտի, բայց ուզում է վերընտրվել, ուստի պետք է «դավադրություններ բացահայտի», որպեսզի հանրությունը զբաղվելու բան ունենա։

Այդ ինչ աստիճան պիտի չհարգի խորհրդարանի ղեկավարի պաշտոնում գտնվող մարդն ինքն իրեն, որքան վախենա աթոռը կորցնելուց, որ իջնի այդպիսի տխմար ստախոսության աստիճանի… Եվ դեռ ինչ-որ մեկին էլ մեղադրի կեղծ տեղեկատվություն տարածելու, «հիբրիդային պատերազմ» վարելու մեջ։

Հայ ժողովրդի և պետության դեմ հիբրիդային պատերազմ առավելագույնս ակտիվորեն վարում է հենց իշխող կուսակցությունը։ Հիշենք տեսանյութը, թե ինչպես են դիմակավորված անհայտ անձինք սպառնում Փաշինյանին։ Տեսանյութ, որի մասին հայտնի դարձավ այն բանից հետո, երբ դա սկսեցին տարածել իշխող կուսակցության քարոզչական ռեսուրսները և անձամբ Փաշինյանը:

Արժե՞ արդյոք զարմանալ, որ այսպիսի ընտրական մթնոլորտի պայմաններում արտաքին բոլոր դերակատարները փորձում են ազդել ընտրությունների արդյունքի վրա։ Էլ ի՞նչ համեստություն անեն…

Տանուլ տված պատերազմից և Արցախի հանձնումից հետո Նիկոլին հաջողվեց գլխավոր «ձեռքբերումը». վերածել Հայաստանը աշխարհաքաղաքական բևեռների դիմակայության թատերաբեմի։ Այսինքն՝ վճռական քայլ անել հայոց պետականության փլուզման ճանապարհին, հասցնել Հայաստանը վերջին սահմանագծին։

Հ.Գ. – Բաքվում մեկնարկել է «Վերադարձն Արևմտյան Ադրբեջան՝ որպես ազգային գաղափարի նոր փուլ» թեմայով միջազգային առաջին «գիտաժողովը»: Դատելով ամենից՝ այնտեղ վստահ են, որ Փաշինյանը կհաղթի։