Логотип

Մենք միայն մեկ խնդրանք ունենք՝ դա անել հնարավորինս արագ․ Պուտինը խոսել է Հայաստանի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռուսաստանը Հայաստանին խնդրում է որքան հնարավոր է շուտ կողմնորոշվել, թե որ ուղղությամբ է գնում` Եվրամիությա՞ն, թե՞ ԵԱՏՄ–ի: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

ՌԴ նախագահը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Հայաստանում ընդունվել է Եվրամիությանը միանալու մասին օրենք, սակայն գտնվում է ԵԱՏՄ-ում, որի նորմերն ու չափանիշները չեն համընկնում ԵՄ-ում ընդունվածների հետ:

«Մեզ մոտ մտահոգություն է առաջացրել այն, որ Հայաստանում ընդունվել է օրենք «մեկնարկի» մասին։ Հենց այդպես էլ կոչվում է։Ի դեպ, Ալեքսանդր Գրիգորևիչն է (Լուկաշենկոն) դրան ուշադրություն դարձրել, ես նույնիսկ մոռացել է այդ մասին։ Նա ասաց, թե ինչպես է կոչվում այդ օրենքը` «Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին»։ Նորմալ է, այստեղ որևէ առանձնահատուկ բան չկա։ Բայց ինչպես արդեն ասել եմ, Հայաստանը գտնվում է Եվրասիական տնտեսական միության շրջանակում», – ասել է ՌԴ նախագահը միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

Պուտինն ընդգծել է, որ Հայաստանի՝ որպես ցանկացած ինքնիշխան երկրի իրավունքն է ընտրել զարգացման առաջնահերթությունները, բայց պետք է հնարավորինս արագ կողմնորոշվի, թե որ ուղղությամբ է շարժվելու:

«Առավել ևս, որ վարչապետ Փաշինյանը բոլորովին վերջերս ասել է, որ այդ հարցով հանրաքվե անցկացնելու անհրաժեշտություն է տեսնում։ Մենք միայն մեկ խնդրանք ունենք՝ դա անել հնարավորինս արագ», – ասել է Պուտինը։

Նա նշել է, որ ՌԴ-ն ժամանակին Երևանի խնդրանքով պնդել է, որ Հայաստանը միանա ԵԱՏՄ-ին, քանի որ տնտեսության վիճակի մի շարք պարամետրերով ՀՀ–ն այնքան էլ լավ չի տեղավորվել ընդհանուր պատկերում։

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովն անցկացվում է հունիսի 3-6-ը: ՌԻԱ Նովոստին համաժողովի գլխավոր տեղեկատվական գործընկերն է:

Sputnik Արմենիա