Логотип

Ձերբակալվել են Արմեն Աշոտյանն ու Բրյուսովի նախկին ռեկտորը․ ևս 5 անձ կձերբակալվեն

Քննչական կոմիտեն ձերբակալման որոշումներ է կայացրել 7 նախկին պաշտոնյաների, այդ թվում՝ ՀՀԿ փոխնախագահ, կրթության ու գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի, Բրյուսովի անվան համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանի, պրոռեկտոր Արթուր Այվազյանի, համալսարանի կառավարման խորհրդի նախագահ Վիգեն Սարգսյանի, ֆինանսերի նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, նրա որդի՝ Արտյոմ Խաչատրյանի, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված ևս մեկ անձի՝ Հարություն Թադևոսյանի նկատմամբ։

ՀՀ ՔԿ-ից հայտնում են նշված անձանց անունների միայն սկզբանատառերը՝ նշելով, որ վարույթը վերաբերում է շուրջ 200 մլն արժեքով գույքի նկատմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու փողերի լվացմանը։

Ըստ հաղորդագրության՝ Աշոտյանը, թվարկված անձանց հետ հանցակցությամբ, չարաշահել է պաշտոնեական դիրքն ու Գագիկ Խաչատրյանին և նրան որդուն օժանդակել ձեռք բերել օտարման ոչ ենթակա գույք։ Մասնավորաբար, ՀՀ սեփականության ֆոնդից կոռուպցիոն սխեմայի կիրառմամբ դուրս է բերվել Երևանի Պուշկին փողոցի 38/1 շենքի թիվ 59 հասցեում գտնվող 208 մլն 908 հզր 500 ՀՀ դրամ արժեքով առանձնապես խոշոր չափերով 451.1 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույքը, դրա անբաժանելի մաս համարվող հողամասը և ոչ ուսումնական նպատակներով օգտագործելու համար փոխանցվել է Գագիկ Խաչատրյանի և որդու սեփականության ֆոնդ:

Օրենքի կոպիտ խախտմամբ բուհը զրկվել է իրեն հատկացված գույքից՝ ուսումնական նպատակներով տնօրինելու և օգտագործելու հնարավորությունից:

Դրանից հետո, Ա.Խ.-ն և Գ.Խ.-ն իրենց մտերիմ Հ.Թ.-ի հետ ունեցած նախնական պայմանավորվածության համաձայն, հանցավոր ճանապարհով նշված անշարժ գույքի ձեռքբերման գործընթացում քողարկելով գույքի իրական պատկանելիությունը, ինչպես նաև նպատակ ունենալով թաքցնել և խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը՝ նախ որպես գույք ձեռք բերող ներկայացրել են Հ.Թ.-ին, ապա բարեխիղճ ձեռք բերող հանդես գալու ակնկալիքով վերջինիցս 75 մլն ՀՀ դրամով գնել են նշված գույքը՝ գրանցելով այն Ա.Խ.-ի անվամբ:

7 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և դրանց օժանդակության համար։ Որոշումներ են կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալներին դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին:

Sputnik Արմենիա