Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ընթացքում Ադրբեջանում էլիտար ստորաբաժանումներ է տեղակայել։ Այս մասին գրում է CNN-ը՝ հղում անելով մի քանի աղբյուրի։
Երկու աղբյուրի համաձայն՝ իսրայելական ուժերը գործել են Ադրբեջանի հարավում՝ Իրանի սահմանի մոտ գտնվող մի քանի հատվածներում։
Այնտեղ տեղակայվել են նաև հատուկ նշանակության ստորաբաժանումներ, որոնք հետախուզական առաքելություններ և գործողություններ են իրականացրել անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ, ինչը Իսրայելին արժեքավոր հնարավորություն է տվել պատերազմի ժամանակ հետևելու Իրանի հյուսիսային շրջաններին։
Աղբյուրները CNN-ին հայտնել են, որ Ադրբեջանում գտնվող օբյեկտները եղել են տարբեր երկրներում, այդ թվում՝ Իրաքում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Սոմալիլենդում գտնվող բազմաթիվ գաղտնի ռազմական օբյեկտների ու ռազմակայանների թվում։
Այս ուժերը, որոնք ի սկզբանե նախատեսված էին որպես հնարավոր փրկարարական ջոկատներ՝ արտակարգ իրավիճակների համար, սկսել են օգտագործվել ռազմական և հետախուզական գործողությունների համար։
«Ադրբեջանում իրականացված գործողությանը մասնակցել է մի քանի տասնյակ զինծառայող, այդ թվում՝ Իսրայելի հատուկ նշանակության ուժերի մարտիկներ, ինչպես նաև «Մոսադի» աշխատակիցներ»,-ասված է հրապարակման մեջ։
ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան ներկայացուցիչը հեռուստաալիքին հայտարարել է, որ Բաքուն վճռականորեն հերքում է երրորդ երկրների դեմ գործողությունների համար Ադրբեջանի տարածքի ենթադրյալ օգտագործման վերաբերյալ անհիմն պնդումները։
Sputnik Արմենիա
