Ուկրաինայի զինված ուժերը ստանձնել են Ազովի ծովում բեռնատար նավերի վրա հարձակման պատասխանատվությունը, որի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել են Ադրբեջանի քաղաքացի հանդիսացող 5 նավաստիներ։ Այս մասին հայտնում է RG.ru-ն։
Նշվում է, որ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ Բրովդին* (ազդականչ՝ Մադյար) տելեգրամյան ալիքում գրել է, որ իր մարտիկներն են հարձակվել մի քանի նավերի վրա, ինչպես նաև անվանել է պատասխանատու ստորաբաժանումը՝ ՈւԶՈւ-ի հատուկ ուժերի 1-ին առանձին կենտրոնը:
Բրովդիի խոսքով՝ յուրաքանչյուր կամիկաձե սարք կրում էր 100 կիլոգրամ պայթուցիկ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն ավելի վաղ պաշտոնապես հայտարարել էր, որ Ազովի ծովում հարձակման են ենթարկվել երկու բեռնատար նավեր, որոնցում գտնվող 25 ադրբեջանցիներից 5-ը զոհվել են։ Մի քանի մարդ վիրավորվել է, որոնք տեղափոխվել են Եյսկի հիվանդանոց։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս գիշեր Ազովի ծովում երկու բեռնատար նավ՝ «Նատրան» և «Ցիրկոնը», Թուրքիայից Դոնի Ռոստով ընթանալու ժամանակ ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակման։
Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը լրագրողներին ասել է, որ Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման հեղինակը Կիևի ռեժիմն է։
* Ահաբեկչության համար Ռուսաստանի դատարանի կողմից հեռակա դատապարտվել է ցմահ ազատազրկման
Sputnik Արմենիա
