Логотип

Ավետիսյան․ Տանում են մոնտաժողների համակարգիչները, այլևս չենք կարող աշխատել

Ինձ հաջողվեց մի պահ նայել դռնից այն կողմ և տեսնել, որ տանում էր մեր մոնտաժողների համակարգիչները, որտեղ, այո, կան մեր նկարահանումները, մեր արխիվը. ստացվում է, որ «Արմատ մեդիան» այլևս չունի արխիվային հիմք՝ աշխատելու համար։ Այս մասին, այսօր՝ հունիսի 5–ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Արմատ մեդիայի» գլխավոր խմբագիր Նելլի Ավետիսյանը՝ անդրադառնալով խմբագրությունում ԱԱԾ–ի և Քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից իրականացվող քննչական գործողություններին։

«Հենց հիմա մեր արխիվը տանում են, քանդել են համակարգիչները և տանում են հիշողության քարտերը։ Դա վերջին նշույլն էր, որ մենք կարող էինք աշխատել, բայց ստացվում է այլևս չենք կարողանալու աշխատել։ Մոնտաժողների համակարգչում բավականին շատ նյութեր կան՝ կապված 300 000 ադրբեջանցիների Հայաստան գալու, նրանց բնակեցնելու հետ, ռեպորտաժներ կային պատրաստի, հետաքննություններ, և ես կարծում եմ, որ դա էր հենց պատճառը և այդ համակարգիչներն էլ իրենց պետք էր, ոչ թե, օրինակ, իմ անձնական հեռախոսը։

Այնտեղ կա երկու մոնտաժողի համակարգիչ, դրանք տանելով կստացվի, որ մենք չենք կարող հրապարակել մեր նյութերը, որոնք կունենային ծանրակշիռ քաղաքական ազդեցություն։ Կային այնտեղ հետաքննություններ, չհրապարակված ինֆորմացիաներ, պատրաստի ռեպորտաժներ, որոնք այլևս չենք կարող ցույց տալ հանրությանը։ Ցավում եմ, որ չենք պահպանել դրանք այլ տեղ։ Շնորհակալ կլինեմ, որ չջնջեն դրանք։ Մենք կարծում էինք, որ մեր երկրի ղեկավարը լինելով մեդիայի ներկայացուցիչ, տարրական հարգանք գոնե կլինի, բայց փաստորեն, չէ, եթե պատրաստ լինեին, գուցե կարողանայինք պահել»,–ասաց նա։

Նշենք, որ առավոտյան ԱԱԾ–ի և ՔԿ–ի աշխատակիցները մտել են «Արմատ Մեդիա» լրատվական գործակալության խմբագրություն և քննչական գործողություններ են իրականացնում։ Նրանք առգրավել են աշխատակիցների հեռախոսները։

Նշենք, որ «Արմատ մեդիայի» սեփականատերը «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանն է, ով այս պահին կալանավորված է։

News.am