Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանին իշխանությունը յուրացնելու նախապատրաստության մեղադրանք է ներկայացվել։ ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ առերևույթ հանցանքի մասին հաղորդումն այսօր են ստացել։
Ըստ հաղորդագրության՝ Ղուկասյանը 2025 թվականին ՀՀ-ում տարբեր անձանց հետ հանդիպումների և համակիրների հավաքագրման միջոցով նախապատրաստել է իշխանությունը յուրացնելուն ուղղված նախապատրաստական գործողություններ, սակայն կամքից անկախ հանգամանքներում չեն կարողացել սկսել դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը:
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելու նախապատրաստությունը)։
Միջոցներ են ձեռնարկվում ներգրավված բոլոր անձանց ինքնությունը, ինչպես նաև հանցագործության կատարման մեխանիզմները պարզելու և անձանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
ՔԿ-ն հաղորդագրությանը կից նաև Վարդան Ղուկասյանին վերագրվող հեռախոսազրույցի ձայնագրություն է հրապարակել, որում լսվում է. «Ես մի քայլ, այ սենց կես քայլ, դաժե մի ոտ չեմ դտնի առան ինձ ռուսը ասելու»։
Sputnik Արմենիա
