Логотип

ՔՊ-ի աջակիցների մեքենան վրաերթի է ենթարկել ընդդիմադիրներին, կան ծանր վիրավորներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՔՊ-ի աջակիցների մեքենան վրաերթի է ենթարկել ընդդիմադիրներին, կան ծանր վիրավորներ։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԲՀԿ ցուցակում ընդգրկված Սոնա Աղեկյանը, ով Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ է։ Դեպքը տեղի է ունեցել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում:

Նա նաև տեսանյութ է հրապարակել՝ նշելով. «Սիրելի հայրենակիցներ, այս պահին նիկոլականները հենց այս մեքենայով սադրիչ էին ուղարկել, ով վրաերթի ենթարկեց մեր քարոզարշավի անդամներին և հեռացավ։ Ծանր վիրավորում են ստացել քարոզարշավի մեր անդամներից մի քանիսը, այս պահին բոլորին տեղափոխում ենք հիվանդանոց»։

Դեպքին անդրադարձել է նաև ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ գրելով. «Քիչ առաջ սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։ Ականատեսների վկայությամբ սադրիչն ավտոմեքենայով մխրճվել է քարոզարշավ իրականացնող «Բարգավաճ Հայաստան» և «Մայր Հայաստան» կուսակցությունների մեր թիմակիցների բազմության մեջ։ Մարմնական վնասվածքներ ստացած անձանց այս պահին տեղափոխում են հիվանդանոցներ։

Մենք ճշտում ենք դեպքի մանրամասները, զուգահեռ հորդորելով իրավապահ մարմիններին հնարավորինս սեղմ ժամկետներում պարզել կատարվածի բոլոր հանգամանքները։ Սա սարսափելի նախադեպ է, որը վկայում է, թե ինչ աստիճանի կարող է հասնել քաղաքական անհանդուրժողականությունը և ընդդիմախոսների նկատմամբ թշնամանքը։ Առողջություն և շուտափույթ ապաքինում ենք մաղթում մեր թիմակիցներին»։

News.am