Երևանում ընդդիմադիրներին վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը հայտնել է, որ իրեն հարվածներ են հասցրել, ինքը փորձել է փախչել. ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է աղմկահարույց դեպքի մանրամասները։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ, ԲՀԿ ցուցակում ընդգրկված Սոնա Աղեկյանն ավելի վաղ հայտնել էր, որ ՔՊ–ականները մեքենայով սադրիչ են ուղարկել, որը վրաերթի է ենթարկել քարոզարշավի անդամներին և հեռացել։
Ըստ ոստիկանության հաղորդագրության` հունիսի 5-ին՝ ժամը 15․40-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Երևանի Ներքին Չարբախ 7-րդ փողոցում վիճաբանություն է։
«Ահազանգից կարճ ժամանակ անց համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում մի տղամարդ հաղորդում է տվել, որ իրեն են մոտեցել քաղաքական ուժերից մեկի աջակիցները, առաջարկել նախընտրական ծրագրի բուկլետ, նա հրաժարվել է վերցնել, ինչից հետո սկսվել է վիճաբանություն, և նրան հարվածներ են հասցրել։ Նա մեքենայով փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում վրաերթ է տեղի ունեցել։ Համայնքային ոստիկանության բաժնում տղամարդը հայտնել է նաև, որ չի հարում որևէ քաղաքական ուժի»,–նշված է հաղորդագրության մեջ։
ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնը ահազանգ է ստացել նաև բժշկական կենտրոններից մեկից։ Հայտնել են, որ վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մեկ անձ։
Նշվում է, որ այժմ իրականացվում են ստուգողական գործողություններ։ Այս պահին ստացված հաղորդումները փոխանցվում են նախաքննական մարմին։
Sputnik Արմենիա
