Գնդապետ Էդիկ Մալոյանին ձերբակալել են ընտրություններից առաջ Պաշտպանության նախարարության ղեկավարության քաղաքական հրահանգները չկատարելու պատճառով, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ հրապարակման՝ քրեական հետապնդման մյուս պատճառը կարող է լինել այն, որ Մալոյանի կինն ազգակցական կապ ունի «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ։
Թերթի տեղեկություններով՝ զինվորականին մեղադրում են զորքին իջեցված ներքին հրահանգի արտահոսք կազմակերպելու մեջ։
Քննչական կոմիտեից հուլիսի 2-ին Armenia Today-ին հայտնել էին, որ Մալոյանը 2 ամսով կալանավորվել է։
ՔԿ-ն հրապարակել էր նաև գործի մանրամասները՝ զինվորականին մեղադրելով պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություն հրապարակելու մեջ։ Ըստ քննչական մարմնի վարկածի՝ հանդիսանալով ՊՆ զորամասերից մեկի հրամանատար և չունենալով պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններին հասանելիության թույլտվություն՝ Մալոյանը նույն զորամասի գաղտնիության ռեժիմի սպա Ռ. Ջ.-ին, ով ունեցել է համապատասխան թույլտվությունը, դրդել էր հրապարակել գաղտնի տեղեկատվություն։ Դրանից հետո, ըստ նախաքննության տվյալների, գնդապետն ինքն էր հրապարակել այդ տեղեկությունները։
Գործով անցնող Ռոման Ջավադյանը ևս երկու ամսով կալանավորվել էր։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը հայտնել էր, Մալոյանն այն զինվորականն է, ով 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ հետ էր վերադարձրել հերոսներ Ռոբերտ Աբաջյանի ու Արմենակ Ուրֆանյանի դիրքերը։
