«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը ԿԸՀ-ն հետ է տվել։
Այսօր կայացած ԿԸՀ նիստում նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը հայտնեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունն ավելի վաղ միջնորդություն էր ներկայացրել ԿԸՀ՝ թույլտվություն ստանալու նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ։
ԿԸՀ պաշտոնական կայքում հրապարակված որոշման մեջ նշվում է, որ հանձնաժողովը, աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով (որը կապված է եղել ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկման հանգամանքի հետ), չի կարողացել քննել ներկայացված միջնորդությունները։
Այսօրվա նիստում ԿԸՀ- ն վերադարձրել է գլխավոր դատախազության միջնորդությունները, քանի որ Ընտրական օրենսգրքով սահմանված իրավունքները և պարտականությունները պատգամավորի թեկնածուի վրա տարածվել են մինչև 2026 թվականի հուլիսի 4-ը։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ Հուլիսի 4–ին ՍԴ–ն ԿԸՀ–ի որոշումը թողեց ուժի մեջ։
Sputnik Արմենիա
