Логотип

Ռուս ռազմական թղթակից․ Չի բացառվում՝ այս անգամ ԱԹՍ-ները Օմսկի ՆՎԳ-ի վրա թռել են Կասպից ծովի վրայով՝ Ադրբեջանի կողմից

Չի բացառվում, որ այս անգամ Օմսկի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ անօդաչուները Կասպից ծովով են թռել՝ Ադրբեջանի կողմից։ Այդ մասին գրում է ռուս ռազմական թղթակից Տիմոֆեյ Երմակովը։

«Լիովին հավանական է, որ ազերիները վիրավորված վրեժ են լուծում Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանի ոչնչացման համար, որը ամբողջությամբ պատկանում էր պետական SOCAR նավթագազային ընկերությանը, ինչպես նաև նրանց բենզալցակայանների համակարգային ոչնչացման համար։

Ի դեպ, վերջերս Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին հրավիրել էին հանրապետության ԱԳՆ և նրան բողոքի նոտա էին հանձնել՝ հուլիսի 5-ի երեկոյան Ուկրաինայի Նիկոլաևի մարզում գտնվող SOCAR բենզալցակայանին հասցված անօդաչուի հարվածի կապակցությամբ», – նշվում է ռազմական թղթակցի հրապարակման մեջ։

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հրավիրել էր Ռուսաստանում դեսպան Միխայիլ Եվդոկիմովին և բողոք հայտնել՝ Ուկրաինայի Նիկոլաևի մարզում գտնվող SOCAR բենզալցակայանին անօդաչուի հարվածի կապակցությամբ։

Բաքվում հայտարարել էին, որ սա Ադրբեջանի ընկերության օբյեկտների և Ուկրաինայի տարածքում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ հարձակումների առաջին դեպքը չէ, և ընդգծել էին, որ «նման միջադեպերը կրում են նպատակաուղղված բնույթ»։

Երեկ՝ հուլիսի 7-ին, ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով կանգնեցվել էր Ռուսաստանում ամենախոշոր Օմսկի նավթավերամշակման գործարանը։ Reuters գործակալության աղբյուրների տվյալներով՝ հարվածը վնասել էր նավթի առաջնային վերամշակման կայանը, որն ապահովում է ձեռնարկության արտադրական հզորությունների մոտ 38%-ը։

News.am