Թեհրանը ամերիկյան կողմի սպառնալիքների պատճառով դադարեցնում է Վաշինգտոնի հետ վերջնական կարգավորման շուրջ բանակցությունները ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրանական բարձրաստիճան աղբյուրի:
ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին այսօր հայտնել էր, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաջորդ շաբաթ Իսլամաբադում 2-օրյա բանակցություններ կանցկացնեն, եթե չնախատեսված այլ իրադարձություններ չլինեն։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի ժողովրդի հասցեին ուղղված սպառնալիքների և Վաշինգտոնի կողմից իր պարտավորությունների բազմակի խախտումների պատճառով Իրանը դադարեցրել է ԱՄՆ-ի հետ վերջնական համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունները», – նշել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ–ի կողմից ցանկացած նոր ռազմական գործողություն կստանա ավելի վճռական և ծավալուն պատասխան:
Աղբյուրը նաև նշել է, որ ԱՄՆ-ն խախտել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ պայմանավորվածությունները, և նեղուցի վերահսկողությունը կիրականացվի Իրանի սահմանած կարգավորումներով:
Այսօր Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի կոշտ արտահայտություններ է արել Թեհրանի և Իրանի ժողովրդի հասցեին:
«Դա քաղցկեղ է։ Նրանք քաղցկեղ են: Իսկ ի՞նչ են անում քաղցկեղի դեմ: Հեռացնում են վաղ փուլում: Ես դա հենց այդպես եմ տեսնում:.. Նրանք ընկել են բոլորի հետևից, հավանաբար նաև իմ։ Ես արդեն վաղուց առաջինն եմ նրանց ցուցակում։ Նրանք տականքների խումբ են։ Նրանք տականքներ են, և դուք պետք է դա հասկանաք։ Նրանք ինձ դուր չեն գալիս։ Նրանք չար մարդիկ են», – ասել է Թրամփը։
Հիշեցնենք` ԱՄՆ զինվորականներն այս գիշեր հզոր հարվածների շարք են սկսել Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը պնդել է, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Իրանցի զինվորականները հայտնել են Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին հասցված պատասխան հարվածների մասին, Իրանի իշխանությունները Վաշինգտոնին մեղադրել են ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ։
Sputnik Արմենիա
