Логотип

ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿՈՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԻՏԻ ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՄՆԱ. ՔԱՂԱՔԱԳԵՏԸ` TRIPP-Ի ՄԱՍԻՆ

Հայաստանի իշխանությունները պետք է արձագանքեն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը և հրապարակավ ասեն` արդյոք իսկապես «Թրամփի ուղու» վերահսկման կետերը լինելու են Ադրբեջանի տարածքում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը։

Հուլիսին 9–ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն պարբերաբար տեղեկացվում է TRIPP–ի նախագծի շուրջ Հայաստանի և ԱՄՆ–ի բանակցությունների մասին, քանի որ TRIPP–ի մուտքային և ելքային սահմանակետերը տեղակայված են լինելու Ադրբեջանի տարածքում։

«TRIPP–ը բացարձակ Հայաստանի իրավազորության և ինքնիշխանության տակ գտնվող տարածք չի լինելու` ինչպես Հայաստանի իշխանություններն են ներկայացնում։ Եթե դիտարկում ենք TRIPP–ը` հատկապես քաղաքական լույսի ներքո, ապա տեսնում ենք ինքնիշխանության և իրավազորության սահմանափակումներ, ինչը, ցավոք, հաստատում է նաև ադրբեջանական կողմի վարկածը»,– ասաց Պողոսյանը։

Նա նշեց` եթե Ադրբեջանը համարում է, որ մուտքի և ելքի կետերը պետք է լինեն իր տարածքում, նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող ճանապարհին այդ հսկողությունը չի լինելու։ Իսկ դա իսկապես խնդրահարույց հայտարարություն է։

Արա Պողոսյանի դիտարկմամբ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամեն կերպ փորձում է արդարացնել իր ստորագրած օգոստոսյան համաձայնագիրը և ցույց տալ, որ այդ նախագիծն ուր որ է` իրականություն կդառնա, և ինքը Հայաստանին կբերի խաղաղության երաշխավորություն։

Ինչ վերաբերում է իրանական կողմի` «Թրամփի ուղու» հետ կապված մտահոգություններին, քաղաքագետն արձանագրում է, որ իրանական կողմը մտահոգություններ է հայտնել տարբեր ձևաչափերով հանդիպումներում, այդ թվում` նախագահի մակարդակով։ Հայկական կողմն էլ մշտապես երաշխավորել է, որ TRIPP–ը որևէ կերպ չի հակասելու Իրանի շահերին, և Իրանի համար որևէ սպառնալիք չի կարող ստեղծվել։

«Եթե այս հայտարարություններից հետո վարչապետը այլ հայտարարություն է անում, գոնե ինձ համար սա ընդամենը ներքին սպառման թեմա է և ոչ թե իրական քաղաքականության մաս»,– ասաց մեր զրուցակիցը։

Նշենք, որ ամերիկյան ճարտարագիտա-խորհրդատվական ընկերություններից մեկի թիմն անցած շաբաթ այցելել էր Սյունիքի մարզ, ուսումնասիրել TRIPP-ի տեղանքը՝ երկաթուղու և այլ ենթակառուցվածքների նախագծման նպատակով։ Մինչ այդ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր` հույս ունի, թե աշնանը TRIPP-ի հետ կապված գործնական քայլեր կլինեն։

Պողոսյանն ընդգծում է` «Թրամփի ուղին» ոչ թե պարզապես բիզնես նախագիծ է, այլ քաղաքականություն, իսկ քաղաքականությունը հույսերի վրա չի հիմնվում, այլ շահերի և պրակտիկ գործողությունների։

«Ինչ վերաբերվում է Միացյալ Նահանգներից ժամանած խմբի ներկայացվածությանը կամ ներկայությանը տարածաշրջանում, ապա տրամաբանական է, որ կառուցվող նախագծին ընդառաջ պետք է լինեն ուսումնասիրություններ։ Այլ հարց է, որ մենք առ այսօր չունենք այդ նախագծի հիմնավորվածությունը և համապարփակ ուսումնասիրություն, թե ինչ է ստանալու Հայաստանը, ինչքան բեռ է նախատեսվում փոխադրել և այլն։ Պատճառն այն է, որ գործնականում այն քաղաքականության մասին է, ոչ թե տնտեսության կամ լոգիստիկայի»,– նշում է քաղաքագետը։

Պողոսյանը հիշեցնում է, որ ըստ հայտարարությունների` ճանապարհային ենթակառուցվածքների շարքում հիշատակվում է նաև երկաթուղին, մինչդեռ հայաստանյան երկաթգիծը Ռուսաստանի Դաշնության կոնցեսիոն կառավարման ներքո է, ուստի պայմանագիրը հետ կանչելու հեռանկարը բավական իրատեսական է։

«Պատահական չէ, որ ՌԴ–ն սա և սրա հետ կապված ցանկացած էլեմենտ դիտարկում է որպես քաղաքականություն և դիտարկվելու է որպես քաղաքականություն, ինչը, բնականաբար, ազդելու է հայ-ռուսական հարաբերությունների և հատկապես տնտեսական հարաբերությունների վրա»,– նշում է Պողոսյանը։

«ԹՐԱՄՓԻ ՈՒՂԻ» (TRIPP) ՆԱԽԱԳԻԾԸ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։

2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։

Sputnik Արմենիա