«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող ձիերին և փասիաներին ևս փորձում են առգրավել։ Այս մասին հայտնում է «Փաստինֆոն»՝ հղում անելով Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանին։
«Օրեր առաջ եկել էին և ցանկանում էին նման գործողություններ իրականացնել։ Բնականաբար, մեր գործընկեր փաստաբաններն առարկել են այդ գործողության դեմ՝ հաշվի առնելով, որ ձիերը ընտանի կենդանիներ են, և որևէ մեկը խնդիր չունի իր անձնական տարածքում ձիեր պահելու, հատկապես, որ դրա համար առկա են բոլոր անհրաժեշտ և բավարար պայմանները։ Այդ օրը քննիչն արձանագրել է առգրավման անհնարինություն, բայց, այնուամենայնիվ, մենք որոշակի տեղեկություններ ու մտավախություններ ունենք, որ կարող է այդ գործողությունը կրկնվել»,- ասել է Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ անհասկանալի է, թե ինչպես են փորձելու դա անել, բայց կարծում է՝ հերթը նաև փասիաններին է հասնելու, որոնք վայրի կենդանիների հետ կապ չունեն։
Aravot.am-ը ևս գրում է, որ «Մուլտի Գրուպ»-ին պատկանող ձիասպորտի ակումբին տեղեկություններ են հասել, թե առաջիկայում ակումբի 12 ձիերը նույնպես կարժանանան ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մյուս կենդանիների ճակատագրին՝ կառգրավվեն ու կհանձնվեն պետությանը:
«Լուրերը վաղուց էին պտտվում, որ կարող են տանել։ Սկզբում հիմքեր չունեին, քանի որ ընտանի կենդանիներ են համարվում, և ով ուզում է, կարող է պահել, իսկ պայմաններն այստեղ լավն են։ Փորձում էին պայմաններից կառչել, ասել, թե պայմանները վատն են և այլն։ Դրան զուգահեռ ունենք բոլոր ապացույցները, բժիշկների եզրակացությունները, որ ձիերը շատ լավ պայմաններում են ապրում։ Ձիերը չեն շահագործվում, միայն նրանց խնամակալներն են վարում ու խնամում»,- լրատվամիջոցի հետ զրույցում ասել է ձիերից մեկի խնամակալ Մարիամ Սարգսյանը։
Նրանց տեղեկություններով՝ ձիերի հետևից վաղն են գալու։
Sputnik Արմենիա
