Логотип

Ուկրաինան հարվածել է Բաշկորտոստանում բենզին արտադրող վերջին խոշոր ձեռնարկությանը

Հուլիսի 14-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ռուսաստանի խոշորագույն նավթաքիմիական համալիրներից մեկին՝ Բաշկորտոստանում գտնվող «Գազպրոմ նեֆտեխիմ Սալավատ» ՍՊԸ-ին, հայտնել են ուկրաինական մոնիթորինգային ալիքները։ Հրապարակված կադրերից երևում է, որ Ուկրաինայի սահմանից 1500 կմ հեռավորության վրա գտնվող ձեռնարկությունում հրդեհ է բռնկվել։ Դա հաստատում է նաև Astra-ն, որը ուսումնասիրել է ականատեսների տեսագրությունները։ Նրանք առավոտյան հայտնել են «բազմաթիվ հարվածների» և սև ծխի սյան մասին։ Ուկրաինական Supernova ալիքի տվյալներով՝ գործարանում, նախնական տվյալներով, վնասվել են նավթի առաջնային թորման ԱՎՏ-6 կայանքը և բարձր խտությամբ պոլիէթիլեն արտադրող 20-րդ արտադրամասը։

Տնտեսական վերլուծաբան Վյաչեսլավ Շիրյաևի խոսքով՝ «Գազպրոմնեֆտեխիմ Սալավատը» բենզին արտադրող վերջին խոշոր ձեռնարկությունն է եղել, որը 2026 թվականին դեռ չէր թիրախավորվել Ուկրաինայի զինված ուժերի (ՈւԶՈւ) կողմից։ «Արդյունքում՝ ՌԴ շուկան օրական կզրկվի 11 հազար տոննա վառելիքից, ինչը կազմում է ներքին պահանջարկի շուրջ 5%-ը»,- նշել է նա։

Գործարանը վերջին անգամ կրկնակի հարձակման էր ենթարկվել 2025 թվականի սեպտեմբերին։ Գործարանն արտադրում է բենզին, դիզելային վառելիք, կերոսին և նավթամթերքի այլ տեսակներ, ինչպես նաև հեղուկացված գազեր, բուտիլային սպիրտներ, ամոնիակ, կարբամիդ և այլ արտադրանք։ 2024 թվականին գործարանը վերամշակել է 7,2 միլիոն տոննա հումք (ինչը կազմում է Ռուսաստանի ընդհանուր վերամշակման ծավալների 2,7%-ը)՝ արտադրելով 1,5 միլիոն տոննա ավտոբենզին և 2,5 միլիոն տոննա դիզվառելիք։ Բաշկորտոստանի ղեկավար Ռադիյ Խաբիրովը հաստատել է «Սալավատի արդյունաբերական գոտու» վրա կատարված հարձակումը՝ միայն նշելով, որ ԱԹՍ-ների գրոհը «ետ է մղվել», և առկա են «խոցված անօդաչուների բեկորների անկման հետևանքով առաջացած ծխացող մի քանի օջախներ»։

Բացի այդ, գիշերն ուկրաինական անօդաչուները Կրասնոդարի երկրամասում թիրախավորել են ՌԴ հարավի ամենախոշոր ձեռնարկություններից մեկը՝ Աֆիպսկի նավթավերամշակման գործարանը, հայտնում է տեղի օպերատիվ շտաբը։ Իշխանությունների տվյալներով՝ գործարանում հրդեհ է բռնկվել։ Այս տեղեկությունը հաստատում է նաև ուկրաինական «Կրիմսկի վետեր» (Ղրիմյան քամի) ալիքը։ Ըստ աղբյուրի՝ Աֆիպսկի գործարանի տարածքում առաջին պայթյունները որոտացել են կեսգիշերին մոտ, ինչից հետո ձեռնարկությունում «ուժգին հրդեհ է սկսվել»։ «Astra» տելեգրամյան ալիքը գրում է, որ կրակը բռնկվել է նավթագործարանի «պահեստարանների գոտու մոտակայքում»։

News.am