Логотип

Գարեգին Բ-ն ՀՀ-ում Իրանի դեսպանությունում հարգանքի տուրք է մատուցել Ալի Խամենեիի հիշատակին

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունում հարգանքի տուրք է մատուցել Իրանի նահատակ հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հիշատակին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում Իրանի դեսպանության պաշտոնական էջից։

«Վեհափառը նաև հանդիպել է ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանի ներկայացուցիչ Խալիլ Շիրղոլամիի հետ և իր ցավակցությունն ու զորակցությունը հայտնել Իրանի կառավարությանը, ինչպես նաև ժողովրդին։ Գարեգին Բ-ն նաև հույս է հայտնել, որ Աստծո ողորմության շնորհիվ և նորընտրի գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Խամենեիի ղեկավարությամբ իրանցի խաղաղասեր ժողովուրդը կկարողանա վերագտնել անվտանգությունն ու հանգիստ ապրել»,- ասված է հաղորդագրությունում։

Ալի Խամենեին զոհվել է փետրվարի 28-ին Թեհրանին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով, նրա հրաժեշտի արարողությունը չի հաջողվել անցկացնել ամբողջ մարտ ամսին շարունակվող հարվածների ֆոնին, ինչի արդյունքում իշխանությունները որոշում են կայացրել հետաձգել միջոցառումը՝ վկայակոչելով ենթակառուցվածքը պատրաստելու անհրաժեշտությունը: Նրան թաղել են հայրենի Մաշհադում՝ մահից չորս ամիս անց։

Հավելենք նաև, որ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին երդվել է անպայման վրեժ լուծել հոր՝ Ալի Խամենեիի մահվան, ինչպես նաև Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման մյուս զոհերի համար:

Sputnik Արմենիա