Ռուսաստանը հույս ունի, որ բոլոր վեց երկրների մասնակցությամբ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային ձևաչափի հերթական նախարարական հանդիպումը կկայանա առաջիկայում։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Հույս ունենք, որ մեր ադրբեջանցի և հայ գործընկերներն առաջիկայում կպայմանավորվեն հաջորդ նախարարական հանդիպումների ժամանակացույցի վերաբերյալ, և մենք կկողմնորոշվենք, թե որտեղ այն տեղի կունենա` Բաքվո՞ւմ, թե՞ Երևանում», – նշել է ՌԴ նախարարը։
Լավրովն ընդգծել է, որ «3+3» հարթակը (Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան, Իրան, Թուրքիա և Վրաստան) զգալի ներուժ ունի առանց արտաքին ապակառուցողական միջամտության տարածաշրջանային մարտահրավերները երկրների ուժերով լուծելու համար։
ՌԴ նախարարը նաև հաստատել է Կասպյան հնգյակի և այլ ձևաչափերի շրջանակներում բազմակողմ փոխգործակցության կարևորությունը, այդ թվում՝ ԱՊՀ-ի, ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի։
Հիշեցնենք, որ Ռուսաստանն ակտիվորեն աջակցել է«3+3» ձևաչափի ստեղծմանը, որը ներառում է Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը, ինչպես նաև Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան: Վրաստանը դեռ չի մասնակցում դրա աշխատանքներին, սակայն մյուս մասնակիցները բազմիցս ընդգծել են, որ դուռը Թբիլիսիի համար շարունակում է բաց մնալ: Նախորդ երեք հանդիպումները հաջորդաբար անցկացվել են Մոսկվայում, Թեհրանում և Ստամբուլում:
Sputnik Արմենիա
