Логотип

Մենք գալու ենք քվեարկելու. «Ընտրական աքսորի» դեմ խմբին շուրջ 70 մարդ է միացել

«Ընտրական աքսորի» դեմ աշխատանքային խմբին շուրջ 70 քաղաքացի է միացել: Այս մասին հայտնել է հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանը:

Հհուլիսի 2-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա փոփոխություն կատարեց ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում՝ ընտրական իրավունքից զրկելով ՀՀ այն քաղաքացիներին, որոնք վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանից բացակայել են ավելի քան մեկ տարի։ Իշխանյանը հուլիսի 16-ին հայտնեց, որ «Ընտրական աքսորի» դեմ աշխատանքային խումբ է ստեղծվում։

«Հանրաքվեներին և ընտրություններին մենք գալու ենք քվեարկելու․ Հայաստանի հետ մեր իրավական կապը անխախտ է։ Անկախ մեր գտնվելու վայրից, կշարունակենք մասնակցել Հայաստանի ժողովրդավարացմանը և քաղաքական կյանքին»,– այս հայտարարության տակ ստորագրել է 20 երկրի քաղաքացի (ՌԴ, ԱՄՆ, Շվեդիա, Դանիա, Կանադա և այլ երկրներ)։

Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։

Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:

Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ Հուլիսի 4–ին ՍԴ–ն ԿԸՀ–ի որոշումը թողեց ուժի մեջ։

Sputnik Արմենիա