Логотип

Զինվորականների զոհվելուց հետո ԱՄՆ-ն կանգնած է Իրանի հետ լայնամասշտաբ պատերազմի շեմին

ԱՄՆ-ն Իրաքում ևս մեկ ամերիկացի զինծառայողի զոհվելուց հետո կանգնած է Իրանի հետ լայնամասշտաբ պատերազմի մեջ նորից ներքաշվելու շեմին։ Հուլիսի 19-ին այս մասին հայտնել է The Washington Post (WP) թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

«Ավելի շատ զինծառայողների զոհվելուց հետո Միացյալ Նահանգները հայտնվել են Իրանի հետ լայնամասշտաբ պատերազմի վերսկսման եզրին»,- նշված է հրապարակման մեջ։

Ամերիկացի պաշտոնյաներից մեկի խոսքով՝ գործողությունների ընդլայնումը բարդանալու է հակաօդային պաշտպանության միջոցների ու հեռահար ռազմամթերքի նվազող պաշարների, ինչպես նաև մարտական վնասվածքների պատճառով տարածաշրջանում լրացուցիչ զորքեր ու ինքնաթիռներ տեղափոխելու սահմանափակ հնարավորությունների պատճառով։

«Մենք բավարար միջոցներ չունենք գործողություններն անվտանգ իրականացնելու համար, և չեմ կարծում, թե Սպիտակ տանը դրա մասին տեղյակ են»,- ասել է թերթի զրուցակիցը։

Միացյալ Նահանգների զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հուլիսի 19-ին հայտնել էր, որ Իրաքում իրանական անօդաչու թռչող սարքից խոցված և չպայթած ռազմամթերքի դետոնացիայի հետևանքով ամերիկացի զինծառայող է զոհվել։ Բացի այդ, Իրանի հարձակումից հետո Հորդանանում իրականացված որոնողական գործողությունների ընթացքում անհայտ անձի մնացորդներ են հայտնաբերվել։ Ավելի վաղ՝ նույն օրը CENTCOM-ը հայտնել էր տարածքում ևս երկու զինծառայողի զոհվելու և մեկի անհետ կորելու մասին։

The New York Times թերթը նույն օրը հաղորդել էր, որ Հորդանանի ավիաբազաներին հասցված իրանական հարվածների հետևանքով տասնյակ ամերիկացի զինվորականներ են վիրավորվել, իսկ մի քանի ուղղաթիռներ վնասվել են։ Մասնավորեցվում էր, որ Հորդանանի Ազրաք քաղաքում գտնվող «Մուվաֆաք Սալթի» ավիաբազայի վրա Թեհրանի հարձակման հետևանքով մոտ 20 ամերիկացի զինծառայող է վիրավորվել բունկերներում պատսպարվելու փորձի ժամանակ։

News.am