«Արարատցեմենտի» կառավարիչը կնշանակվի հուլիս ամսվա ընթացքում` սահմանված կարգով։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ, գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա «Արարատցեմենտը» հանձնվել է ՀՀ կառավարմանը՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության։
«Մինչ այդ ընկերության բոլոր աշխատակիցներին հորդորում եմ բարեխղճորեն և պատասխանատվությամբ կատարել իրենց աշխատանքը, որպեսզի հետագայում չառաջանան օրենքով սահմանված կարգով աշխատանքից ազատման կամ վարչական ու քրեական պատասխանատվության ենթարկման հիմքեր»,–գրել է նա։
Նա վստահեցրել է, որ իրենց գործի գիտակ, աշխատանքը բարեխիղճ ու պարտաճանաչ կատարող բոլոր աշխատակիցները կշարունակեն աշխատել։
Sputnik Արմենիա
