Логотип

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով։ Այս մասին տեղեկանում ենք հանձնաժողովի` վարչական տույժ կիրառելու մասին որոշումից։

Որոշման մեջ նշվում է` ԿԿՀ-ն հաստատել է, որ Սամվել Կարապետյանը` որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին ներկայացնել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը, սակայն չի ներկայացրել ո՛չ օրենքով սահմանված ժամկետում, ո՛չ էլ հանձնաժողովի լրացուցիչ գրավոր ծանուցումից հետո։

Կարապետյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը պատճառաբանել է, որ տնային կալանքի և հաղորդակցության սահմանափակումների պատճառով հնարավոր չի եղել հավաքել բանկային տվյալները։ Հանձնաժողովը, սակայն, գտել է, որ հայտարարագիրը հնարավոր էր ներկայացնել լիազորված անձի, էլեկտրոնային համակարգի կամ թղթային եղանակի միջոցով, իսկ տնային կալանքն ինքնին չէր վերացնում այդ պարտականությունը։

Արդյունքում հանձնաժողովը Սամվել Կարապետյանի նկատմամբ նշանակել է 200 հազար դրամ վարչական տուգանք։

Sputnik Արմենիա