Логотип

Լիբանանի նախագահը Սպիտակ տանը հանդիպել է Թրամփի հետ

Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունն այսօր Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Դա գրեթե 20 տարվա ընթացքում Լիբանանի պետության ղեկավարի առաջին այցն է Վաշինգտոն:

Հանդիպման ընթացքում Աունը շնորհակալություն է հայտնել Թրամփին Իսրայելի, Լիբանանի և ԱՄՆ-ի միջև եռակողմ համաձայնագրի կնքման գործում նրա «պատմական» միջնորդական ձեռքբերման համար: Նրա խոսքով՝ այդ փաստաթղթի «վերջնական նպատակն» է «ընդմիշտ վերջ դնել Լիբանանի և Իսրայելի միջև թշնամությանը»:

Ըստ գործարքի պայմանների՝ Իսրայելը զորքերը դուրս կբերի Լիբանանի հարավում գտնվող երկու շրջաններից՝ այդ տարածքները փոխանցելով լիբանանյան բանակի վերահսկողությանը:

Աունը նշել է, որ Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերին «աջակցում է մեր գործողություններին»: Բերին ղեկավարում է շիական «Ամալ» կուսակցությունը, որը դաշինքի մեջ է «Հըզբոլլահի» հետ:

«Այս շրջանակային համաձայնությունը խորհրդարանի վավերացումը չի պահանջում. դա նախագահի բացառիկ իրավասությունն է,- հայտարարել է Աունը:- Բերին ցանկանում է տեսնել պատերազմի ավարտը և աջակցում է թշնամության վիճակի դադարեցմանը մեկընդմիշտ»:

Թրամփն իր հերթին հայտարարել է, որ Լիբանանի նախագահի հետ կքննարկի «Հըզբոլլահին» դուրս մղելու հարցում ամերիկյան օգնություն ցուցաբերելու «կոնկրետ ծրագրեր»:

«Այսօր մենք ձեր նախագահի հետ խոսելու ենք դրա մասին: Արդեն դրսից օգնության ներգրավում ներառող շատ կոնկրետ ծրագրեր ունենք այդ հաշվով: Բայց նրանք [լիբանանյան ուժերը] իրենք էլ ավելի ու ավելի ինքնուրույն են դառնում, և մենք դա նույնպես կքննարկենք», – նշել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը հավելել է նաև, որ Իսրայելի պաշտպանության բանակը Լիբանանից զորքերի դուրսբերման «գործընթացում» է:

«Նրանք հիանալի համաձայնագիր են ստորագրել Լիբանանի հետ»,- ընդգծել է Թրամփը՝ հստակեցնելով, որ իսրայելական ուժերը «վերատեղակայում» են իրականացնում:

Բացի դրանից, Թրամփը պատրաստակամություն է հայտնել ուղղակի շփումների մեջ մտնել «Հըզբոլլահի» հետ:

«Ես պատրաստ եմ խոսել «Հըզբոլլահի» հետ: Ես խոսում եմ բոլորի հետ»,- ասել է նա՝ հավելելով, որ եթե նախագահ Աունը իրեն խնդրի, ինքը կգնա այդ քայլին:

News.am