Անգամ ամենաիշխանամետ գործիչն ամենափոքր իսկ կասկածը չունի, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հետապնդումը քաղաքական ենթատեքստ ունի։ Այս մասին հայտարարել է ԲՀԿ ներկայացուցիչ Արման Աբովյանը։
Հիշեցնենք, որ այս րոպեներին ընթանում է ԲՀԿ-ի կալանավորված առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և իրանցի գործարարների առերեսումը։
«Սա քաղաքական գործ է՝ հաշվի առնելով հանրահավաքների ժամանակ Փաշինյանի ուղիղ ցուցումները։ Խնդիրն այն է, որ պետք է հասկանալ, որ ոչ մի իշխանություն հավերժ չէ։ Մարդիկ, հայտնվելով այդ աթոռներին, կորցնում են հիշողությունն ու բանականությունը։ Այնքան անհեռատես են, որ գնում են Իրանի հետ հակամարտության։ ԻԻՀ-ն ունի որոշում, ըստ որի՝ Գագիկ Ծառուկյանը տուժող կողմ է։ Բայց քանի որ տեղի է ունենում դասական քաղաքական հետապնդում, ունենք այն, ինչ ունենք։ Արդարությունը կվերականգնվի։ Բոլոր բիզնես-ակտիվները, ընկերությունները, ամեն ինչ սուսուփուս վերադարձնելու են, խուժանավարի դնեն մարդու ունեցվածքը խլե՞ն… իրենց թվում է Հայաստանը թավշյա կղզի՞ է, ամենաթեթև արբիդրաժային դիմումով վերադարձնելու են։ Կարո՞ղ է գիտեն 1917 թիվն է, իրենք էլ պլաշներով չեկիստ են», – վրդովվել է Աբովյանը։
Նրա խոսքով՝ աշխարհին հղվող ուղերձն այն է, որ Հայաստանն այլևս իրավական պետություն չէ, չկա մասնավոր սեփականության իրավունք, և իշխանությունների քմահաճույքով կարող են խլել այն ամենը, ինչ կամենան․ «Նեոթուրքական փաշիզմ է, ահաբեկչություն։ Իշխանություններն ադեկվատ չեն, նրանց գործողությունները բխում են ոչ թե Հայաստանի, այլ, թերևս, «Արևմտյան Ադրբեջանի» շահերից»։
Պարզաբանելով, թե ինչի մասին է խոսքը՝ Աբովյանը հայտնել է, որ ընդհանուր առմամբ իրավիճակը հետևյալն է․ Իրանից ժամանած գործարարները, որոնք, որքանով իրեն է հայտնի, ազգությամբ քուրդ են, առաջարկել են հիմնել հայ-իրանական առևտրի տուն։ Հաշվի առնելով Իրանի նկատմամբ լավ վերաբերմունքը՝ Ծառուկյանը համաձայնել է և ամբողջությամբ ֆինանսավորել ամբողջ ծրագիրը։ Իրանում իրավական գործընթաց է սկսվել, որի շրջանակում Գագիկ Ծառուկյանը ճանաչվել է տուժող։ Իրանցի գործարարները, Իրանի դատարանի որոշմամբ, պարտավոր են 14 միլիոն դոլար վճարել Ծառուկյանին։
Շատերն իրենց բիզնեսը դուրս են բերում Հայաստանից, հրաժարվում են երկրում ներդրումներ անելու մտքից, քանի որ իշխանությունները կարող են խլել ամեն ինչ զուտ արտահայտած կարծիքի համար,— ընդգծել է Աբովյանը՝ հավելելով, որ Ծառուկյանը տուժել է հենց հայտնած տեսակետի և «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության զեկույցից մեջբերում անելու պատճառով։
News.am
