Հայաստանի բնակիչները 234 միլիոն 400 հազար դրամ են վճարել 224 «գեղեցիկ» համարանիշի համար։ Քաղաքացիները դա արել ընդամենը երկու օրում՝ պահանջարկ ունեցող ավտոհամարանիշների նոր չափորոշիչների վերաբերյալ Կառավարության որոշման ընդունումից հետո։
Ինչպես հուլիսի 28-ի մամուլի ասուլիսում հայտնել է ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը, չափորոշիչները սահմանում է Կառավարությունը, իսկ արժեքը՝ ՆԳ նախարարը։ Նա հատուկ ընդգծել է, որ խոսքը «առանձնապես մեծ պահանջարկ ունեցող» համարանիշների մասին չէ․ դրանք, ինչպես նախկինում, ձեռք են բերվում էլեկտրոնային աճուրդով։
Բացատրելով տարբերությունը՝ վարչության պետը նշել է, որ մեծ պահանջարկ ունեցողների դեպքում համարանիշը բաղկացած է հինգ զրոյից և երկու լատինատառից (սերիա) կամ 4 զրոյից, մեկ թվանշանից և երկու տառից։ Իսկ պարզապես պահանջարկ ունեցողների դեպքում համարանիշը պարունակում է երկու զրո (կամ երեք, եթե իրավաբանական անձ է), երկու տառ և երեք թվանշան, իսկ եթե վերջիններս կրկնվում են, ապա արժեքն ավելի բարձր է լինում։ Մեծ պահանջարկ ունեցող համարանիշների գինը տատանվում է 250 հազարից մինչև 8 միլիոն դրամի սահմաններում։ Օրինակ՝ 00 +- (տառեր) XXX (թվեր) կոմբինացիան արժե 250 հազար դրամ, իսկ XX (թվեր) +- (տառեր) 000 կոմբինացիան՝ 600 հազար դրամ։ Թվարկված ամեն ինչ վերաբերում է միայն 7 նիշ (5 թիվ և 2 տառ) ունեցող ավտոմեքենաներին։
ՆԳՆ գրանցման և քննական ծառայությունների, թույլտվությունների ու լիցենզավորման բաժնի պետի տեղակալ Տիգրան Գևորգյանը հայտնել է, որ նշված համարանիշները հնարավոր է ձեռք բերել մեքենայի հաշվառման ժամանակ։ Առավելությունն այն է, որ մեքենայի վաճառքից հետո դրանք մոտ կես տարի կարող են մնալ սեփականատիրոջ մոտ և նա կարող է դրանցով գրանցել նոր մեքենա կամ հանձնել այն մտերիմ հարազատին։ Եթե այդ ընթացքում համարանիշները չեն օգտագործվում, դրանք վերադարձվում են ընդհանուր բազա և կարող են վաճառվել։
Գևորգյանը հավելել է, որ 2024 թվականի փետրվարի 1-ից անցկացվող՝ առանձնակի պահանջարկ ունեցող համարների աճուրդներից պետբյուջե է մուտքագրվել 892 միլիոն դրամ (49 համարի համար): Նոր չափորոշիչների հաստատումից հետո անցած երկու օրվա ընթացքում վաճառվել է 224 համարանիշ, և քաղաքացիները վճարել են 234 միլիոն 400 հազար դրամ: Ամենաշատ պահանջարկը 600 հազար դրամ արժողությամբ կատեգորիայում է:
Նաև նշվել է, որ պետական մարմինների ավտոմեքենաների համարանիշները չեն պատկանում ոչ պահանջարկ ունեցող, ոչ էլ առանձնակի պահանջարկ ունեցող համարների խմբին և արժեն սովորական համարանիշների չափ՝ 12 հազար դրամ։
News.am
