ՀՀ–ում 2 անձ թրաֆիքինգի են ենթարկել անչափահասին և նրա հորը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«Հ.Մ.-ն իր քրոջ ամուսին Հ.Ս.-ի հետ օգտագործել են անասնապահներ՝ անչափահաս Ա.Պ.-ի և նրա հայր Յ.Պ.-ի՝ իրենց 40-60 հազար ՀՀ դրամ պարտք լինելու, ինչպես նաև անչափահասի հոգեկան ակնհայտ հիվանդություն ունենալու հանգամանքները և թրաֆիքինգի ենթարկել նրանց։ 2025 թվականի օգոստոսի 8-ից մինչև սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում հարկադիր աշխատանքի են ենթարկել Ա.Պ.-ին, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք՝ նրան պատճառելով հոգեբանորեն ծանր և հուզականորեն արտահայտված տառապանք»,– ասված է հաղորդագրությունում։
Հանցանք կատարած անձինք հայտնաբերվել են, որոշումներ են կայացվել նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ՝ երեխայի կամ անօգնական վիճակում գտնվողի թրաֆիքինգի կամ շահագործման հոդվածով:
Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Sputnik Արմենիա
