Հայաստանը չի դիտարկում իրանական գազը որպես ռուսականին այլընտրանք։ Այսօր ՔՊ վարչության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, որը վերջերս աշխատանքային այցով ԻԻհ–ում էր, որտեղ քննարկվել է նաև Իրանից գազի մատակարարման ավելացման թեման։
Նախարարի խոսքով՝ Իրանը Հայաստանից էլեկտրաէներգիայի ավելի մեծ մատակարարման կարիք ունի, և «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» բանաձևի շրջանակներում երկու երկրները մտադիր են ընդլայնել համագործակցությունը: Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք հայկական կողմը ռուսական գազին այլընտրանք է փնտրում՝ վախենալով ՌԴ-ից ներկրվող «երկնագույն վառելիքի» թանկացումից, Խուդաթյանը բացասական պատասխան տվեց:
«Մտահոգություն չկա, կա աշխատանքային պրոցես, էդ տրամաբանության մեջ ենք։ Արդեն բազմաթիվ տարիներ, առանց դադարի, տարին 12 ամիս գրաֆիկով «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» գործարքը իրականացրել ենք, էնտեղ ծավալների փոփոխություն որոշակի տարիների եղել է։ Հիմա էլ արձանագրել ենք, որ էլի կա հնարավորություն ծրագրի շրջանակը ընդլայնելու, պայմանավորվել ենք աշխատանքային խմբեր ստեղծել` այս հարցը քննարկելու»,–ասաց նախարարը։
Հուլիսի 25–ին հայտնել էինք, որ Իրանը Հայաստանին առաջարկել է գազի մատակարարումների ընդլայնման նախագիծ ՀՀ կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի և Իսլամական Հանրապետության նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադի հանդիպման ժամանակ։
Նշենք, որ Իրանից Հայաստան տարեկան մատակարարվում է ավելի քան 400 միլիոն խորանարդ մետր գազ (2025 թվականին՝ 477 միլիոն)՝ հայկական ջերմային էլեկտրակայանների մի մասի աշխատանքի համար։ Հայաստանի մյուս սպառողների համար գազը ներկրվում է Ռուսաստանից՝ տարեկան ավելի քան 2,2 միլիարդ խորանարդ մետր ծավալով (2025 թվականին՝ 2 միլիարդ 230 միլիոն)։
Sputnik Արմենիա
