Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ընթացքում տեղեկացրել է նրան, որ առանց Վաշինգտոնի համապատասխան թույլտվության՝ հրեական պետությունն իր նախաձեռնությամբ հարվածներ չի հասցնի Իրանին։ Այս մասին, հղում անելով իսրայելական աղբյուրներին, հայտնել է «Associated Press» գործակալությունը։
Գործակալության փոխանցմամբ՝ Թրամփի հետ զրույցի ընթացքում Նեթանյահուն ընդգծել է նաև, որ Իսրայելի վրա Իրանի հարձակման դեպքում հրեական պետությունն իրեն իրավունք է վերապահում պատասխան հարվածներ հասցնել երկրին: Վարչապետն ամերիկացի առաջնորդին հայտնել է, որ Իսրայելը կշարունակի Իրանի վերաբերյալ նոր հետախուզական տվյալներ տրամադրել Իրանին: Միևնույն ժամանակ, Նեթանյահուն հայտնել է, որ Իրանի հետ հակամարտությունում Վաշինգտոնը ստիպված է հաշվի առնել Մերձավոր Արևելքի դաշնակից արաբական երկրների դիրքորոշումը: Նա վստահեցրել է ԱՄՆ նախագահին, որ իրանական հարցում Իսրայելը լիովին վստահում է Վաշինգտոնին և կաջակցի Թրամփի ցանկացած որոշման:
Նեթանյահուի և Թրամփի հանդիպման նախօրեին ամերիկյան «Al-Monitor» պորտալը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Իսրայելի վարչապետը ծրագրում էր ԱՄՆ նախագահին ներկայացնել հրեական պետության կողմից Իրանի տարածքին նոր հարվածներ հասցնելու ծրագրերը: Ինչպես նշում էր պորտալը, խոսքը վերաբերում էր Իրանի արդյունաբերական օբյեկտներին, կամուրջներին և երկաթուղային ենթակառուցվածքների ուղղությամբ հնարավոր հարվածներին:
Ամերիկա-իրանական հակամարտության հերթական էսկալացիան սկսվել է հուլիսի 8-ին։ ԱՄՆ զինված ուժերը, Վաշինգտոնի և Թեհրանի միջև հուշագրի ստորագրումից ի վեր առաջին անգամ, մի քանի շարք հարվածներ են հասցրել Իսլամական Հանրապետության տարածքին՝ իբրև թե ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավի վրա կատարված հարձակման։ Նույն օրը Թրամփը հայտարարել է Իրանի հետ զինադադարի դադարեցման մասին։ Ի պատասխան՝ Թեհրանը սկսել է հարվածել Բահրեյնի, Հորդանանի, Կատարի, Քուվեյթի, ԱԱԷ-ի և Օմանի տարածքում գտնվող ամերիկյան մերձավորարևելյան օբյեկտներին։ Հուլիսի 24-ին կողմերը դադարեցրել են փոխադարձ հարվածները։
News.am
