Թեժ աշուն է սպասվում հանրապետության մի շարք մարզերում: Այս աշնանը Հայաստանի 46 համայնքներում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ։
Aysor.am-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքից տեղեկացավ, որ սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներ ՏԻՄ ընտրություններ են նշանակված Աշտարակում, Նոյեմբերյանում, Թումանյանում, Արտաշատում, Արմավիրըում, Գավառում, Վանաձորըում, Ձերմոկում, Հրազդանում, Կապանում, Եղեգնաձորում, Իջևանում, Մարտունիում, Վարդենիսում, Հրազդանում, Արթիկում, Ստեփանավանում, Ծաղկաձորում, Մեղրիում, Գորիսում, ինչպես նաև մի քանի այլ խոշորացված համայնքներում:
Իսկ Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի ավագանու ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 27-ին:
Ինչպես ԿԸՀ կայքից ենք տեղեկանում Թումանյանում ընտրություններին մասնակցելու համար այս պահի դրությամբ առաջադրվել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ ՔՊ-ն նախընտրական ցուցակը Թումանյան համայնքի ղեկավար Սուրեն Թումանյանը օգոստոսի 23-ին ներկայացրել է թիվ 24 ընտրատարածքային հանձնաժողով։
Նկատենք, որ Սուրեն Թումանյանը 2021 թվականին համայնքի ղեկավար է ընտրվել «Հանրապետություն» կուսակցության ցուցակով։ ԿԸՀ տվյալներով՝ Թումանյան համայնքում ընտրելու իրավունք ունի 4953 քաղաքացի։ Համայնքն ընդգրկում է 8 բնակավայր՝ Դսեղ, Չկալով, Քարինջ, Մարց, Լորուտ, Ահնիձոր, Շամուտ և Աթան։
Տեղեկացնենք, որ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացվում են մեծամասնական կամ համամասնական ընտրակարգով: Մինչև 4000 ընտրող ունեցող համայնքներում համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրակարգով: Սրանք հիմնականում ազգային փոքրամասնություններով բնակեցված, չխոշորացված համայնքներն են։ Մեծամասնական ընտրակարգում համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուները կարող են առաջադրվել ինչպես կուսակցությունների կողմից, այնպես էլ ինքնաառաջադրման եղանակով։
Իսկ 4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքներում համայնքի ավագանու ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով։ Եթե ընտրության արդյունքով ընտրությանը մասնակցող ուժերից մեկն ստանում է ավագանու անդամների տեղերի 50%-ից ավելին, ապա այդ ուժի ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձն օրենքի ուժով համարվում է ընտրված համայնքի ղեկավար: Հակառակ պարագայում համայնքի ղեկավարն ընտրվում է ավագանու կողմից՝ բաց քվեարկության միջոցով:
Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ:
