Հայաստանը վարում է բազմաբևեռ արտաքին քաղաքականություն, որը Երևանն անվանում է հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականություն։ Այսօր «ՇՀԿ+» գագաթնաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե Հայաստանն ինչ ներդրում կարող է ունենալ բազմաբևեռ աշխարհի կառուցման գործում։
«Այդ քաղաքականության իմաստը հետևյալն է․ երբ աշխարհաքաղաքական որևէ բևեռի ձգողականությունն այն աստիճանի է ծանրանում, որ կարող է քայքայել մեր անկախությունը, մենք ակտիվացնում ենք այս իրադրության համար բավարար ձգողականություն ունեցող մեկ այլ բևեռի հետ մեր հարաբերությունները՝ պահպանելու համար մեր հավասարակշռությունն ինքնիշխանության և անկախության՝ բարդություններով լեցուն ճանապարհին»,- հայտարարեց Փաշինյանը։
Շեշտեց, որ այս ամենի հիմնական նպատակն է պահպանել և ուժեղացնել ինքնիշխանությունն ու անկախությունը։ Նրա խոսքով՝ հնարավոր չէ դա ունենալ, եթե ապրում ես կոնֆլիկտի պայմաններում։ Ըստ նրա՝ դա է պատճառը, որ խորացնելով բարեկամական հարաբերությունները հարևան Վրաստանի և Իրանի հետ՝ Հայաստանը գնում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ միջպետական հարաբերություններ կառուցելու ճանապարհով։
«Հիմա մենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ աշխատում ենք մեր միջպետական հաղորդակցությունները բացելու ուղղությամբ, այդ թվում՝ TRIPP նախագծի իրագործմամբ, որի գործնականացման աշխատանքները գետնի վրա կսկսվեն առաջիկա ամիսներին»,- նշեց Փաշինյանը։
Հավելեց, թե դա տրանսպորտային նոր հնարավորություններ կստեղծի ոչ միայն արևելքից դեպի արևմուտք, այսինքն՝ Կասպից ծովից դեպի Միջերկրական ծով, այլև հարավից հյուսիս՝ Պարսից ծոցը կապելով Սև ծովին։ Վստահ է, որ նախագծի իրագործման արդյունքում շահելու են տարածաշրջանի բոլոր երկրները։
Բազմաբևեռ աշխարհ կառուցելու համատեքստում Փաշինյանը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանը ռազմավարական հարաբերություններ է հաստատել Վրաստանի, Չինաստանի, Ղազախստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Միացյալ Թագավորության, Բուլղարիայի, Խորվաթիայի, Լիտվայի, ԵՄ-ի հետ։
Նա նշեց, որ ՀՀ-ն կիսում է աշխարհի բազմաբևեռության տեսականը՝ ընդգծելով ՄԱԿ-ի առանցքային դերը բազմաբևեռ աշխարհի կառուցման գործում։
Փաշինյանը «ՇՀԿ+» երկրների բոլոր առաջնորդներին հրավիրեց Հայաստան՝ մասնակցելու ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող COP17-ի միջոցառումներին։
Sputnik Արմենիա
