«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գորիսում հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին կարող է մասնակցել միասնական դաշինքով՝ գործող համայնքապետ Առուշ Առուշանյանի գլխավորությամբ, գրել է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով իշխանական իր աղբյուրներին։
Թերթի տվյալներով՝ ընտրացուցակի մեծ մասը կկազմեն ՔՊ ներկայացուցիչները, սակայն հնարավոր է՝ այդ մասին պաշտոնապես չհայտարարվի, քանի որ Առուշանյանը դեմ է ՔՊ-ի հետ պաշտոնական դաշինք կազմելուն։
Առուշանյանը 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ընդդիմադիր դաշտում էր հանդես գալիս։ 2021 թվականին նա նաև միացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Սյունիք կատարած այցի ժամանակ նրա դեմ իրականացված ակցիաներին։ Չնայած իր և այդ ժամանակ իր տեղակալ Իրինա Յոլյանի նկատմամբ հարուցված քրեական գործերին ու շարունակական կալանքին, Առուշանյանին հաջողվեց հաղթել 2021 թ. ՏԻՄ ընտրություններում։ Վերջին շրջանում, այնուհանդերձ, նկատվում է նրա դիրքորոշման փոփոխություն. նա անձամբ է դիմավորում վարչապետին Սյունիք այցերի ժամանակ, ինչը հանրային քննարկումների տեղիք է տվել իշխանության հետ հնարավոր մերձեցումների վերաբերյալ։
Armenia Today
