Նախորդ տարի Բաքվից վերադարձած 4 գերիների հետ հանդիպումներ եղել են, ես անմիջականորեն խոսել եմ, նրանցից երկուսը նաև հանդիսանում են իմ վստահորդը և նրանց առնչությամբ մենք Եվրոպական դատարանում ընթացող դատավարություններ ունենք։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի պաշտպան, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Սիրանուշ Սահակյանը։
«Նրանցից մեկը Վագիֆ Խաչատրյանն է, որի գործը ունի առանձնահատկություններ, քանի որ առևանգվել էր Կարմիր խաչի ավտոմեքենայից և այստեղ նաև միջազգային անձեռնմխելիության խախտումներին առնչվող շատ լրջագույն իրավական հարցադրումներ կան»,–ասաց նա։
Անդրադառնալով գերիների վերադարձի խնդրին, Սահակյանն ասաց. «Գերիների ազատ արձակումը ենթադրում է անմիջական քաղաքական լուծում, որովհետև գերևարումն ինքնին կապված է հակամարտության հետ. անձանց անազատության մեջ պահելը, առնչություն ունի հակամարտությանը և հակամարտության փակումը պետք է առաջ բերի անազատության մեջ պահվող անձանց ազատ արձակում և հայրենադարձում իրենց քաղաքացիության երկիր։
Սակայն գերեվարման առնչվող հարցերը ունեն նաև կոշտ իրավական կարգավորում, մարդասիրական իրավունքը սահմաններ է դնում, թե երբ կարելի է անձին գերեվարել, և որքան ժամանակ է, որ գերեվարումը կարող է օրինական լինել, և հակամարտության դադարը առաջ է բերում անհապաղ ազատ արձակման պարտականություն։
Մենք նաև գիտենք, որ գերիների խնդիրը օգտագործվում է պատանդային դիվանագիտության նպատակով և հակամարտության կարգավորման պրոցեսում գործիքայնացվում է որպես լծակ, և պարտություն կրած կողմը թույլ դիրքերից է հանդես գալիս, և քաղաքական ճանապարհը կարող է տևական ժամանակ արդյունքներ չտալ:
Մենք ունենք արձանագրում, որ շուրջ 210 գերիներ հայրենադարձվել են, սակայն մյուս կողմից գիտենք, որ հատուկ հանգամանքների դասավորմամբ գերեվարվել են Արցախի նախկին ղեկավարները, և նրանց արժեքը պատանդային դիվանագիտության տեսանկյունից այլ է։
Այս պայմաններում պետք է նաև ապավինել իրավունքի, մարդու իրավունքների իրավական պաշտպանությանը և մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան այս անձանց ևս իր պաշտպանության ներքո վերցնում է, հաշվի առնելով նաև, որ նրանց անազատության մեջ պահելու համար ստեղծվել են արհեստական իրավական հիմքեր։
Քանի որ ադրբեջանական կողմը միակողմանի նաև խմբագրում է պատմական իրավական իրողությունները, խիստ կարևոր է դրանց առնչությամբ ունենալ միջազգային ատյանների գնահատականը:
Դատական գործընթացները Եվրոպական դատարանում վիճարկելը հենց նպատակ ունի արձանագրել խախտումները և հասնել իրավական պարտադրանքի միջոցով այս անձանց ազատ արձակմանը, քանի որ քաղաքական ճանապարհը այս պահին դեռ արդյունք չի տվել»,–ասաց նա։
News.am
