USD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 25°CUSD 363.85 ֏ EUR 422.87 ֏ RUB 4.21 ֏ 🌤️ Երևան 25°C

Логотип

19 ԴԻՄԱՆԿԱՐՆԵՐ ՓԱՐԻԶԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ. ՔԱՂԱՔԱՊԵՏ ԳՐԵԳՈՒԱՐԸ ԴԵ՞Մ Է ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՄԱՆԸ

Օգոստոսի 31-ին Փարիզի քաղաքապետարանի շենքի առջև հայտնվեցին 19 հայերի՝ Ադրբեջանում ապօրինի պահվող գերիների և պատանդների դիմանկարներով վահանակներ: ՀՅԴ հաղորդագրության համաձայն, Փարիզի քաղաքապետարանի և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախաձեռնած միջոցառման նպատակն է՝ հիշեցնել, որ 150 000 արցախահայերի բռնի տեղահանումն ուղեկցվել է Արցախի Հանրապետության քաղաքական ղեկավարության ձերբակալություններով, որի ներկայացուցիչները շարունակում են մնալ Բաքվի բանտերում:

«ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՇԵՆՔԻ ՎՐԱ ՑՈՒՑԱԴՐԵԼՈՎ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻ ԴԻՄԱՆԿԱՐՆԵՐԸ՝ Ֆրանսիայի մայրաքաղաքը ցանկանում է հանրային ուշադրություն հրավիրել նրանց ճակատագրին։ Փարիզի այս նախաձեռնությունը մեկուսացված քայլ չէ. Ֆրանսիայի մայրաքաղաքը տարիներ շարունակ հետևողականորեն իր աջակցությունն է հայտնում արցախահայությանը»,- ասվում էր հաղորդագրության մեջ: Պատրաստվող ակցիայի մասին առաջին անգամ ապրիլի 14-ին հայտարարել էր քաղաքապետ Էմանուել Գրեգուարը, իսկ միջազգային հարաբերությունների գծով փոխքաղաքապետ Օդրի Պուլվարը՝ աջակցել նախաձեռնությանը և ակտիվորեն մասնակցել դրա նախապատրաստմանը: Պաշտոնական բացումը նախատեսված էր սեպտեմբերի 2-ին, ավարտը՝ 4-ին։

Սակայն Փարիզի քաղաքապետարանի դիրքորոշումը կտրուկ փոխվեց մեկ օրվա ընթացքում՝ Ադրբեջանի դեսպան Աբդուլաևայի նամակից հետո, որում վերջինս արտահայտել է իր «խոր մտահոգությունն ու վճռական բողոքը՝ քաղաքապետարանի դիմացի հրապարակում իբրև «Ադրբեջանի կողմից պահվող հայ բանտարկյալներ» ներկայացվող մարդկանց դիմանկարները տեղադրելու նախաձեռնության առնչությամբ»:

Փարիզի քաղաքապետին ուղղված երկարուձիգ ուղերձում դեսպանը ճամարտակել է «վրա հասած խաղաղության», «խաղաղ գործընթացին» Մակրոնի հավանության և աջակցության մասին՝ հայտարարելով, թե «ցուցահանդեսի անցկացումը հակասում է խաղաղության օրակարգին»: Այնուհետ «խաղաղասեր» դեսպանուհին ակնարկել է Հայաստանի իշխանությունների և Սփյուռքի միջև հակասությունների մասին՝ կոչ անելով «վերանայել ցուցահանդեսի անցկացման որոշումը և կասեցնել այն»:

Թե ինչպես կարող են հրապարակում տեղադրված դիմանկարները վնասել «խաղաղ գործընթացին»՝ Աբդուլաևա խանումը, բնականաբար, չի բացատրել։ Ասենք, ինչպեսև իր ուղերձում բովանդակվող բավական տարօրինակ պասաժն այն մասին, թե հայ գերիների դիմանկարները «ներկայացված են իբրև «Ադրբեջանի կողմից պահվող հայ գերիների դիմանկարներ»։ Ուրիշ ի՞նչ կերպ, ալիևյան դեսպանուհու տրամաբանությամբ, կարելի էր անվանել Բաքվի բանտերում փակված հայերին։

Այդուհանդերձ ուղերձը հասավ նպատակին. պաշտոնական բացումը չեղարկվեց։ Ինչը, ամենայն հավանականությամբ, հնարավոր չէր լինի նախկին քաղաքապետ Անն Հիդալգոյի օրոք:

Տեղին է հիշեցնել, որ Փարիզի քաղաքապետարանն իսկապես տարիներ շարունակ ակտիվորեն աջակցել է հայկական Արցախի արդար պայքարին: 2020 թվականի նոյեմբերին, 44-օրյա պատերազմից անմիջապես հետո մայրաքաղաքի Քաղաքային խորհուրդը կոչ արեց Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, իսկ շրջափակման ժամանակ տիկին Հիդալգոն անձամբ եկավ Հայաստան և հասավ մինչև Հակարիի կամուրջ, փորձելով հումանիտար օգնություն ուղարկել պաշարված և սովի մատնված Արցախ։

Իսկ եթե խոսենք կոնկրետ գերիների մասին, ապա ընդամենը 6 ամիս առաջ՝ 2026թ. փետրվարի 3-ին, Ֆրանսիայի Ազգային ժողովը բանաձև ընդունեց՝ Ադրբեջանում պատանդ պահվող հայ բանտարկյալներին ազատ արձակելու պահանջով։

ԱՅԴՈՒՀԱՆԴԵՐՁ ՓԱՐԻԶԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԿՈՒԼ ՏՎԵՑ ԲԱՔՎԻ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ հնարքի խայծը և չեղարկեց ակցիայի պաշտոնական բացումը։ Փարիզի ներկայիս քաղաքապետը, ամենայն հավանականությամբ, այնքան էլ տեղեկացված չէ տարածաշրջանային իրողությունների մասին, իսկ հնարավոր է նաև, որ ցուցումներ է ստացել Ելիսեյան պալատից։ Ակնարկել կոռումպացվածության մասին, ինչպես դա սովորաբար լինում է Ադրբեջանի պարագայում, մի տեսակ ցանկություն չկա։

Ուստի հարց. Փարիզի քաղաքապետարանը և անձամբ պարոն Գրեգուարը դե՞մ են ադրբեջանական զնդանից հայ գերիների ազատ արձակմանը: Եթե դեմ չեն, ապա ինչո՞ւ չեղարկել մեկշաբաթյա ակցիան 19 հայերի մասին հիշեցումով, որոնց ազատ արձակելու պահանջով հանդես են գալիս աշխարհի բազմաթիվ հասարակական և քաղաքական գործիչներ: Ինչո՞ւ խախտել հայկական կազմակերպությունների հետ վաղուց ձեռք բերված համաձայնությունը և ներկայանալ սկանդալային լույսի ներքո՝ հաստատակամություն դրսևորելու փոխարեն, հավատարիմ մնալով քաղաքակիրթ, մարդասիրական և միջազգային իրավունքին լիովին համապատասխան դիրքորոշմանը:

Չնայած քաղաքապետարանի խայտառակ որոշմանը՝ միջոցառումը տեղի ունեցավ որոշված ժամանակ և որոշված տեղում։ Բանտարկյալ հայերի դիմանկարներով վահանակները օգոստոսի 31-ից դրված են հրապարակում և, ինչպեսև նախատեսված էր, կհեռացվեն միայն այսօր: Ավելին, ըստ դիտորդների, Ադրբեջանի ճնշումն ու Փարիզի քաղաքային իշխանությունների անպարկեշտ պահվածքը լոկ ուժգնացրեցին արդյունքը՝ դարձնելով ակցիան ավելի նկատելի և աղմկահարույց:

Սեպտեմբերի 2-ի առավոտյան քաղաքապետարանի դիմացի հրապարակում հավաքվել էին հայ համայնքի և ֆրանսիական հասարակայնության բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ: Օրինակ, ներկա էր և իրադարձության մասին սոցցանցերում գրառում է կատարել Քսավիե Բերտրանը. հայտնի քաղաքական գործիչ, Օ դը Ֆրանս շրջանի խորհրդի նախագահ, նախկին նախարար և Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր:

Ինչը առիթ տվեց ոչ պակաս հայտնի լրագրող, Le Figaro ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ Ժան-Քրիստոֆ Բյուիսոնին գրել, որ «Օ դը Ֆրանս շրջանի խորհրդի նախագահը շատ ավելի համարձակ գտնվեց, քան Փարիզի քաղաքապետը»։

Դե ինչ, վախկոտությունն ու անսկզբունքայնությունը չափազանց դժվար է անվանել Փարիզի պես քաղաքի ղեկավարին արժանի հատկանիշներ: Իսկ հայ ազգի, ասենք՝ նաև սեփական ժողովրդի դեմ իր բազմաթիվ հանցագործություններով հայտնի բռնապետության առջև բացահայտ ստորաքարշությունն առավելևս պատիվ չի բերում Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքապետին։ Այն քաղաքի, որի հենց կենտրոնում վեր է խոյանում Կոմիտասի և 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի վեհ հուշարձանը:

Հ.Գ. – Մենք միտումնավոր շրջանցում ենք Ֆրանսիայում ՀՀ դեսպանության արձագանքի հարցը. հասկանալի է, որ այն չի եղել։ Դեսպանությունն ու առհասարակ ԱԳՆը քար լռություն են պահպանել ու պահպանում այս ողջ պատմության վերաբերյալ։ Ավելին, շատ հավանական է, որ Փարիզի քաղաքային իշխանությունները կապվել են դեսպանատան հետ՝ փորձելով պարզել ՀՀ դե ֆակտո իշխանությունների վերաբերմունքը ակցիայի նկատմամբ, և համոզվել են, որ այն լիովին համընկնում է Ադրբեջանի դիրքորոշման հետ:

Հետևեք մեզ՝ Facebook Telegram