Երբ Փաշինյանը «գժի տեղ է դնում» իրեն, դա լուրջ է և երկար։ Հերթական անգամ նա արեց դա Բիշքեկում, Պուտինի հետ հանդիպման ժամանակ ու դրանից հետո, երբ հավաստիացրեց իր երկրպագուներին, թե շատ լավ հանդիպում է ունեցել ՌԴ նախագահի հետ…
Դե, այո, երբ հավաստիացնում էր դա, նա դեռ չգիտեր, որ ավելի ուշ ճեպազրույցի ժամանակ Պուտինը պատասխանելու է նաև Փաշինյանի հետ բանակցությունների մասին հարցին։ Չգիտեր, բայց կարող էր ենթադրել և այդքան պարզունակ «գժի տեղ չդնել» իրեն։ Թե որքանով էին «հաջող» Պուտինի և Փաշինյանի բաց, ապա նաև փակ բանակցությունները, կարելի է դատել Ռուսաստանի նախագահի հայտարարություններից:
ԻՆՉ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է ԵՄ-ԵԱՏՄ ԽՆԴՐԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ։ Փաշինյանը ձևացնում է, թե չի հասկանում խնդրի էությունը և կրկին, դե ոնց չասենք՝ իրեն «գժի տեղ դրած», ինչ-որ բան է պատմում ԵԱՏՄ պայմանագրային բազայի մասին, այն մասին, թե Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու մասին օրենքն ընդունել են, որպեսզի հանրաքվե չանցկացնեն, և այլ հեքիաթ-փչոցներ…
Իսկապես չի՞ հասկանում հարցի էությունը: Իրականում էությունը պարզ է: Մոսկվան ասում է. տղերք, կա՛մ դուք մեր բարեկամն եք, կա՛մ նրանց բարեկամը, ում հետ մենք փաստացի չհայտարարված պատերազմ են վարում, կողմնորոշվեք… Փաշինյանը չի՞ հասկանում, որ ԵԱՏՄ-ն առաջին հերթին Ռուսաստանն է, մյուս անդամների նկատմամբ ողջ հարգանքով հանդերձ։ Առանց Հայաստանի ԵԱՏՄ-ն կշարունակի գործել, առանց Ռուսաստանի՝ ԵԱՏՄ առանցքի, ոչ մի կերպ։
Եվ ահա Մոսկվան ասում է, որ եթե դուք մեր ընկերներն եք, ապա ուժի մեջ են բոլոր արտոնություններն ու բոնուսները Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունից, արտոնությունները, որոնք ապահովում են ձեր տնտեսական ակտիվությունն ու զարգացումը։ Իսկ եթե մեր թշնամիների ընկերն եք, ապա… Ապա բոլորովին պարզ ու տրամաբանական չէ, թե ինչու պիտի Մոսկվան օգնի ձեզ ընկերություն անել Ռուսաստանի թշնամիների հետ: Պուտինը բացահայտ չի ասում դա Փաշինյանին, բայց ամեն ինչ ակներև է։ Հայկական ասացվածքն ասում է. ճակատին գեշ՝ էշին են ասում։ Իսկ Փաշինյանը վարչապետ է։
Մեկնաբանելով իրավիճակը՝ հաճախ են դատողություններ անում Երևանի դժվար ընտրության մասին։ Ոչ պակաս բարդ է Մոսկվայի վիճակն այս հարցում։ Այո, այնտեղ շատ լավ հասկանում են, որ Փաշինյանը տրամադրված է բարեկամանալ և ամրապնդել հարաբերությունները հենց Մոսկվայի թշնամիների հետ։ Եվ կարծես թե Մոսկվայի արձագանքը կանխատեսելի է։ Կողքից կարող է թվալ, թե նույնիսկ ուշանում է։
Բայց Մոսկվայի համար դժվարությունն այն է, որ Հայաստանն ու Ռուսաստանը, հայ և ռուս ժողովուրդներն իսկապես կապված են հատուկ հարաբերություններով։ Հայ ժողովրդի բազմաթիվ ներկայացուցիչներ իրենց ներդրումն են ունեցել ռուսական պետականության զարգացման, ամրապնդման գործում։ Նույնը կարելի է ասել նաև հայկական պետականության զարգացման գործում Ռուսաստանի ավանդի մասին։ Հենց միայն այն փաստը, որ Հայաստանը անկախ պետականություն վերագտավ այն տարածքներում, որոնք մտնում էին ռուսական կայսրության, իսկ հետո նաև ԽՍՀՄ կազմի մեջ, ինքնին շատ բանի մասին է խոսում… Ուստի, գերազանց տեսնելով Փաշինյանի քաղաքականության ուղղվածությունը, Մոսկվան չէր ցանկանա, որ այդ քաղաքական ուղեգծի պատճառով խնդիրների բախվեին, մեղմ ասած, հասարակ մարդիկ։
Դրա համար էլ Մոսկվան խոսում է հանրաքվեի մասին։ Որպեսզի պարզ դառնա, թե աջակցում են արդյոք Հայաստանի քաղաքացիները Փաշինյանի արտաքին քաղաքական ուղեգծին։ Եթե այո, ապա Մոսկվայի խիղճը հանգիստ կլինի իր հետագա քայլերի առումով… Իսկ եթե պարզվի, որ ժողովրդի մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի արտաքին ուղեգծին, ապա գուցե ակնհա՞յտ դառնա, որ Փաշինյանի հրաժարականի ժամանակն է։
Իսկ Փաշինյանը «գժի տեղ է դնում» իրեն. ամեն ինչ հասկանում է, հանրաքվե անցկացնել չի ուզում։ Քանի որ ցանկացած արդյունքի դեպքում պարտված է մնալու: Եթե հաջողվի հիմարացնել մարդկանց և նրանք աջակցեն իր արտաքին քաղաքական ուղեգծին, ապա կսկսվի հայ-ռուսական հարաբերությունների վերանայման գործընթաց բոլոր ուղղություններով։ Գործընթաց, որը կփոխարկվի տնտեսական անկման և հասարակ մարդկանց մեծ խնդիրների։ Չափազանց մեղմ ենք ձևակերպում։ Եվ դա կհանգեցնի Փաշինյանի առանց այն էլ ակնհայտորեն ոչ մեծ հեղինակության անկման։ Իսկ եթե հնարավոր հանրաքվեն դեմ արտահայտվի Փաշինյանի արտաքին քաղաքականությանը, ապա այդժամ նրա ընդդիմախոսները կառավարության հրաժարականը պահանջելու լուրջ հաղթաթուղթ կունենան։
Այլ հարց է, որ Փաշինյանը, միևնույնն է, հոժարակամ հրաժարական չի տա ոչ մի ձախողման դեպքում։ Նման քայլի համար պետք է հարգել սեփական ժողովրդին։ Փաշինյանը նրան ավելի շուտ արհամարհում է, «հարիֆի» տեղ դնում, որին կարելի է մատների վրա խաղացնել ոնց կամենա։ Վստահ ենք, որովհետև Փաշինյանը հասկանում է, չի կարող չհասկանալ, որ հենց ինքն է ձախողումների և թե՛ 2020-ի, թե՛ 2023-ի ողբերգության գլխավոր պատասխանատուն… Հասկանում է, չի կարող չհասկանալ, որ եթե ինքը չլիներ իշխանության ղեկին, այդ ցնցումները չէին լինի։
Եվ հիմա նրա հրաժարականը զերծ կպահի Հայաստանը նոր փորձություններից։ Բայց նման քայլի համար, կրկնենք, պետք է հարգել սեփական ժողովրդին. ոչ թե «սրտիկներ» ուղարկել, այլ հարգել։ Եվ որպես առաջին քայլ՝ դադարել «գիժ խաղալ»։
