Գերեվարվածների հարազատները բողոքի ակցիան Շիրակի մարզպետարանի մոտ

Վաղ առավոտից Խծաբերդում գերեվարված 54 գերիների հարազատները փակել էին Շիրակի մարզպետարանի մուտքն ու ելքը՝ թույլ չտալով աշխատակիցներին ներս մտնել:

Ժամը 14-ի սահմաններում արդեն մարզպետարանի մուտքը բաց էր: Գերիների հարազատները դեռևս հավաքված են մարզպետարանի մոտ և, ըստ ամենայնի, սպասում են որևէ արձագանքի պատկան մարմինների կողմից:

Նրանք չեն ցանկանում շփվել լրատվամիջոցների հետ, չեն ներկայացնում, թե ինչ պահանջով է բողոքի ակցիան: Չի հաջողվել զրուցել նաև Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի հետ, վերջինս, ըստ մեր ունեցած տեղեկությունների, բանակցում է գերիների հարազատների հետ:

Նշենք՝ Խծաբերդում գերեվարվել էին 62 շիրակցիներ տարբեր համայնքներից, և պարբերաբար բողոքի ակցիաներ էին տեղի ունենում: Այս պահին Խծաբերդում գերեվարված 62 պահեստազորայիններից 8-ն է վերադարձվել, 54-ը դեռևս գերության մեջ է, հարազատները պահանջում են, որպեսզի իրենց երեխաները վերադառնան:

Ակցիայի մասնակցիները պարբերաբար շեշտում են, որ իրենք որևէ քաղաքական ուժի չեն սատարում, իրենց բողոքի ակցիաները քաղաքական չեն, միակ պահանջը իրենց երեխաների վերադարձն է և չեն ցանկանում, որ որևէ քաղաքական ուժ շահարկի գերիների հարցը:

Բողոքի ակցիա տեղի ունեցավ նաև երկու օր առաջ Շիրակի մարզպետարանի շենքի ներսում: Գերիների մայրերը նստացույց էին հայտարարել և պահանջում էին, որպեսզի հանդիպում տեղի ունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Վարչապետը երկու շաբաթ առաջ Գյումրիում հանդիպել էր գերիների հարազատների հետ, հանդիպումը փակ էր կայացել, և ըստ էության այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, տեղեկացնում է Azatutyun.am: