Ապահովել Ռուբեն Վարդանյանի և մյուս գերիների անկախ բուժզննում և մշտադիտարկում. Կոչ՝ միջազգային կառույցներին

Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցը տարածել է միջազգային հանրությանը ուղղված հրատապ կոչ՝ Ռուբեն Վարդանյանի և Ադրբեջանի Հանրապետությունում ապօրինաբար պահվող հայ քաղաքական կալանավորների վիճակի անհապաղ միջազգային միջամտության վերաբերյալ.

«Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցը խորին մտահոգություն է հայտնում Ադրբեջանի Հանրապետությունում կալանքի տակ գտնվող Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ քաղաքական կալանավորների հիմնարար իրավունքների և ազատությունների համակարգային խախտումների կապակցությամբ:

Ստացված հավաստի տեղեկությունների համաձայն՝ մեկ շաբաթից ավելի հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է: Փետրվարի 25-ի դատական նիստի ընթացքում արձանագրվել են նրա ֆիզիկական վիճակի էական վատթարացման ակնհայտ նշաններ, սակայն դատավարությունը շարունակվել է՝ անտեսելով նրա առողջությանը սպառնացող լուրջ վտանգը: Հանրային շրջանառության մեջ հայտնված լուսանկարներում երևում են վատ վերաբերմունքի, հնարավոր խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ակնհայտ նշաններ՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) 3-րդ հոդվածի և ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայի 2-րդ և 12-րդ հոդվածների ակնհայտ խախտմամբ:

Արդեն 18 ամիս անօրինական կալանքի տակ գտնվելով՝ Ռուբեն Վարդանյանը հարկադրված է դիմել հացադուլի որպես ծայրահեղ միջոցի՝ իր հիմնարար իրավունքների համակարգային խախտումների վրա միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու նպատակով: Նրա և մյուս հայ քաղաքական կալանավորների նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից իրականացվող հետապնդումները կրում են ակնհայտ քաղաքական բնույթ և հանրային իշխանության կողմից էթնիկ հիմքով խտրականության դրսևորումներ:

2025 թ. փետրվարի 19-ին Բաքվի բանտից իր ընտանիքի հետ կարճատև հեռախոսազրույցի ընթացքում Ռուբեն Վարդանյանը հայտնել է, որ իր նկատմամբ խախտվել են արդար դատաքննության հիմնարար երաշխիքները, այդ թվում՝

- Անմեղության կանխավարկածի և ցուցմունք չտալու իրավունքի խախտում – նրան հարկադրել են ստորագրել փաստաթղթեր, որոնք ենթադրաբար պարունակում են կեղծ տեղեկություններ՝ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի (ICCPR) 14-րդ հոդվածի և ՄԻԵԿ 6-րդ հոդվածի խախտմամբ:

- Պաշտպանության պատշաճ նախապատրաստման իրավունքի խախտում – նրան զրկել են իրավաբանական օգնություն ստանալու հնարավորությունից և պաշտպանի հետ ազատ ու գաղտնի հաղորդակցվելու իրավունքից:

- Խոշտանգումների և դաժան վերաբերմունքի արգելքի խախտում – նրա նկատմամբ կիրառվել է վատ վերաբերմունք և ֆիզիկական ներգործություն՝ ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայի 2-րդ, 12-րդ և 16-րդ հոդվածների խախտմամբ:

- Ընտանիքի հետ հաղորդակցության սահմանափակում՝ խախտելով ՄԱԿ-ի «Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոնները» (Նելսոն Մանդելայի կանոններ):

- Դատավարության ընթացակարգային խախտումներ – դատավարությունն ընթանում է կոպիտ ընթացակարգային խախտումներով՝ անտեսելով միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների հիմնարար նորմերը:

ՀՐԱՏԱՊ ԿՈՉ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ

Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցը հրատապ կոչ է անում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մյուս միջազգային կառույցներին անհապաղ միջամտել՝ ապահովելու համար՝

- Ռուբեն Վարդանյանի և Ադրբեջանում պահվող մյուս հայ քաղաքական կալանավորների անկախ բժշկական զննում և առողջական վիճակի մշտադիտարկում, համաձայն ՄԱԿ-ի «Բանտարկյալների բուժման նկատմամբ բժշկական էթիկայի սկզբունքների» և «Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոնների» (Նելսոն Մանդելայի կանոններ)։

- Վատ վերաբերմունքի և հնարավոր խոշտանգումների փաստերի անկախ և արդյունավետ քննություն, համաձայն ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայի 12-րդ հոդվածի:

- Դատավարությունների համապատասխանեցում միջազգային արդար դատաքննության չափանիշներին և դատական նիստերի անկախ մշտադիտարկման իրականացում՝ ապահովելու արդարադատության անկախությունը:

- Քաղաքական հետապնդումների և էթնիկ խտրականության ենթարկված բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական կալանավորների անհապաղ ազատ արձակում, համաձայն 1949թ. Ժնևի կոնվենցիաների 3-րդ ընդհանուր հոդվածի և 1977թ. Լրացուցիչ արձանագրությունների:

Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը, իրավապաշտպան կազմակերպություններին և պետություններին վճռական դիրքորոշում որդեգրել Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ՝ պահանջելով դադարեցնել մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի համակարգային խախտումները: Միջազգային արձագանքի բացակայությունը կնպաստի անպատժելիության մթնոլորտի խորացմանը և կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների:

Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանց

1 «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ

2 «Հարմոնիա» ՀԿ

3 «Հադրութի դեօկուպացիա» ՀԿ

4 «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ

5 «Շուշիի դեօկուպացիա» ՀԿ

6 «Կումայրի» արցախահայերի ՀԿ

7 «Վերադարձ դեպի Քարվաճառ» ՀԿ

8 «Կռունկ» արցախահայերի իրավունքների պաշտպանության ՀԿ

9 «Ասկերանցիներ» համայնքի զարգացման կենտրոն ՀԿ

10 «Հայը կա» սոցիալական, անվտանգային և զարգացման ՀԿ

11 «Լուսաստղ» ՀԿ»։

News.am