Логотип

ԱԳՆ-ն չի մեկնաբանում Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախաձեռնությունը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը չի մեկնաբանում Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախաձեռնությունը։ Այս մասին գրում է NEWS.am–ը։

«Ըստ անհրաժեշտության հանդես կգանք մեկնաբանությամբ», – լրատվամիջոցի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը ի պատասխան այն հարցին, թե ինչպես է պաշտոնական Երևանը գնահատում Իսրայելի նախաձեռնությունը` հաշվի առնելով ՀՀ կառավարության դիրքորոշումն այս հարցում։

Հիշեցնենք` Թուրքիայի հետ հարաբերությունների սրման ֆոնին Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարը հայտարարել է, որ պատրաստվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նախագիծ ներկայացնել կառավարության քննարկմանը, որը հավանություն ստանալու դեպքում ուղարկվելու է Քնեսեթ։

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել են, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն այլևս ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների թվում չէ։

Sputnik Արմենիա