Логотип

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրվել Արուսյակ Մանավազյանը

ՔՊ վարչության նիստում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրվել Արուսյակ Մանավազյանը։ Նիստից հետո այդ մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջադրվել էին Մանավազյանն ու Արթուր Հովհաննիսյանը։

«Փակ, գաղտնի քվեարկության ընթացքում է Արուսյակ Մանավազյանն ընտրվել ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու»,– ասաց Փաշինյանը` բացառելով, որ ինքն ազդեցություն է ունենում քվեարկության արդյունքների վրա։

Նա վստահեցրեց` որևէ կարծիք որևէ թեկնածության վերաբերյալ չի հայտնել, քննարկումներին էլ միայն լսողի դերում է եղել, չի մասնակցել։ Փաշինյանը պնդեց, թե բոլոր առաջարկներին հետևել է դեմքի նույն արտահայտությամբ, կուսակիցներն իրենից զրո ազդակ են ստացել։

Նշենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարն այժմ Հայկ Կոնջորյանն է։

Արդեն հայտնի է, որ ՔՊ վարչությունը ԱԺ նախագահի թեկնածու է ընտրել Ռուբեն Ռուբինյանին, փոխխոսնակների՝ Վահագն Ալեքսանյանին և Հայկ Կոնջորյանին, վերջինը նաև ԱԺ նախագահի համար էր իր թեկնածությունն առաջադրել, բայց չընտրվեց։

Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։

Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:

Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ–ում միավորված գործի դատաքննությունը մեկնարկել է հունիսի 26–ին` ժամը 11-ին։ Դատարանը գործը քննելու համար 15 օր ժամանակ ունի։

Sputnik Արմենիա