Логотип

Ադրբեջանը ուսումնասիրում է իր զինվորականների՝ ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի գործողություններին մասնակցելու հնարավորությունները

Ադրբեջանը ներկայումս ուսումնասիրում է իր զինվորականների՝ ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի կողմից անցկացվող տարբեր գործողություններին մասնակցելու հնարավորությունները՝ միջազգային խաղաղության պահպանմանը նպաստելու նպատակով, հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։

«Տարբեր տարածաշրջաններում տեղի ունեցող տուրբուլենտ աշխարհաքաղաքական գործընթացներն ու հակամարտությունները ցույց են տալիս, որ խաղաղապահների դերը մեծանում է։ Ադրբեջանը, որպես համաշխարհային հանրության և ՄԱԿ-ի անդամ, աջակցում է խաղաղության և գլոբալ անվտանգության պահպանմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին։ Ներկայումս ուսումնասիրվում են ադրբեջանական բանակի՝ ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի կողմից անցկացվող տարբեր գործողություններին մասնակցելու հնարավորությունները՝ միջազգային խաղաղության պահպանմանը նպաստելու նպատակով», – ասել է Հասանովը, որի խոսքերը մեջբերում է Report գործակալությունը։

Նա նշել է, որ 1999 թվականից ի վեր ադրբեջանական բանակի ավելի քան 3 հազար զինծառայողներ մասնակցել են աշխարհի տարբեր տարածաշրջաններում իրականացվող խաղաղապահ գործողություններին։

Նախարարը նշել է, որ ադրբեջանցի խաղաղապահների գործունեությունը մշտապես բարձր գնահատականի է արժանացել հրամանատարության, տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների կողմից։

Գործակալությունը նաև մեջբերել է պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ, գեներալ-մայոր Էլչին Աբդուլլաևի խոսքերը, ով հայտարարել է, որ ադրբեջանցի զինվորականները ներկայումս խաղաղապահ առաքելություն են իրականացնում Հարավային Սուդանում։

«Ադրբեջանական բանակի խաղաղապահ գործողություններն իրականացվել են Կոսովոյում, Աֆղանստանում և Իրաքում։ Ներկայումս առաքելությունն իրականացվում է Հարավային Սուդանում։ Ադրբեջանի այս քայլերը բարձր են գնահատվում միջազգային կազմակերպությունների կողմից։ Սա նաև խոսում է ադրբեջանական բանակի հեղինակության աճի և համագործակցության նոր հնարավորությունների մասին», – նշել է Աբդուլլաևը։

News.am