Ադրբեջանն օկուպացված Արցախում վանդալիզմի հերթական գոծողությունն է իրականացրել. այս անգամ Հադրութի շրջանի Այգեստան գյուղում ոչնչացրել են մեկ խաչքար և մեկ հուշարձան։ Տեղեկությունը հայտնում է Artsakh Monuments–ը։
Այդ ամենը երևում է արբանյակային լուսանկարների միջոցով։
«2024 թվականի ապրիլի 19-ից 2025 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական վարչակարգի կողմից ոչնչացվել է Այգեստան բնակավայրի Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարն ու գյուղի` Հայրենական մեծ պատերազմում զոհված այգեստանցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը»,– ասված է հաղորդագրությունում։

Ադրբեջանցիները Այգեստանում ոչնչացրել են հուշարձան ու Արցախյան ազատամարտի զոհերի խաչքար
Հիշեցնենք, որ մինչ այս էլ Ադրբեջանը վանդալիզմի հերթական թիրախ էր դարձրել օկուպացված Արցախի Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի զոհված ազատամարտիկների գերեզմանոցը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը պարբերաբար մշակութային վանդալիզմ է իրականացնում։ Բռնազավթված Արցախում ոչնչացվել է Հայոց ցեղասպանության, Հայրենական պատերազմի և արցախյան առաջին պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, հողին է հավասարեցվել Շուշիի Կանաչ ժամը, Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին էլ աստիճանաբար մզկիթի է վերածվում։ Նույն ճակատագրին է արժանացել նաև Բերձորի Սուրբ Հարություն եկեղեցին։
Մայրաքաղաք Ստեփանակերտում ադրբեջանցիները քանդել են Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը, Սուրբ Հակոբ եկեղեցին, Վերածննդի հրապարակում գտնվող Խորհրդարանի և Ազատամարտիկների միության գրասենյակի շենքերը, ինչպես նաև նույն հրապարակում գտնվող պատկերաքանդակները։
Բաքուն Արցախում քանդում է նաև արձաններ, գերեզմանատներ և մշակութային արժեք ներկայացնող այլ կոթողներ։
Հավելենք, որ Արցախում մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27–ը (երբ Ադրբեջանի հարձակումով սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը) կար վկայագրված և պետական ցուցակներով հաստատված 4112 հուշարձան, որոնցից 10 տոկոսը նախաքրիստոնեական են, մոտ 1,5 տոկոսը` մուսուլմանանական, որոնցից մոտ 20-ը` 14-16-րդ դարերի։ Մնացածը հայկական քրիստոնեական հուշարձաններ են, որոնք թվագրվում են 4-19-րդ դարերով։
Sputnik Արմենիա
