Логотип

Ազատի հրդեհի գործով մեղադրյալ կապիտանը ևս 3 ամիս կմնա կալանքի տակ

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 3 ամսով։ Այսօր նման որոշում կայացրեց Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Հարությունյանը։

Նշենք, որ Եղիշե Հակոբյանը համարվում է առանցքային մեղադրյալներից մեկը։ Ըստ պաշտոնական վարկածի` հենց նա է փորձել բենզինով թեժացնել կացարանի վառարանը, ինչի պատճառով բռնկված հրդեհից զինծառայողներ էին մահացել։

Հիշեցնենք` 2023–ի հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել էին 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվեցին 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։ Քրեական վարույթ նախաձեռնվեց ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։ Քրեական վարույթ նախաձեռնվեց նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։

Sputnik Արմենիա