Ախալցխայի Մարդա թաղամասի եկեղեցիներից մեկից հանել են սրբապատկերները և դրել աղբամանի մոտ։ Դեպքը տեղի է ունեցել մայիսի 11-ի լույս 12-ի գիշերը։ Հաջորդ օրը բնակիչները սրբապատկերները վերադարձրել են տաճար։ Փաստի առթիվ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածով (Կրոնական ծիսակատարությանը ձեռնամուխ լինելուն ապօրինի խոչընդոտելը)։ Այս մասին հայտնում են Ախալցխայի տեղական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ այս տաճարն արդեն երկար տարիներ վեճի առարկա է Ուղղափառ և Հայ Առաքելական թեմերի միջև, իսկ ժամերգություններ այնտեղ այլևս չեն անցկացվում։
Հայ Առաքելական եկեղեցու հոգևորական Հայր Հակոբ Սահակյանը պատմել է, որ չգիտի, թե ով և ինչ նպատակով է սրբապատկերները դուրս բերել տաճարից։
«Երեկոյան ես նույնպես այնտեղ էի: Ամենայն հավանականությամբ, դա տեղի է ունեցել ուշ գիշերով՝ ժամը երկուսից հետո: Ամեն ինչ՝ սրբապատկերներն ու այլ իրերը դուրս էր հանվել: Այդ ամենի վրա աղբ էր լցված: Սրբապատկերները շատ վատ վիճակում էին: Մենք ամեն ինչ հետ տարանք ու դասավորեցինք իրենց տեղերում: Չգիտենք, թե ով է դա արել: Նորմալ մարդը նման արարք իրեն թույլ չէր տա», — sknews.ge-ի հետ զրույցում ասել է նա:
Հարակից տների բնակիչները սրբապատկերները աղբամանների մոտ նկատել են մայիսի 12-ի առավոտյան, երբ դուրս են եկել աղբը թափելու: Նրանք սրբապատկերները վերադարձրել են տաճար, ինչպես նաև տեղյակ են պահել հոգևորականներին ու իրավապահ մարմիններին:
News.am
